ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լիահույս է, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է: «Ամեն ինչ արվում է և արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետը:
ՀՔԾ պետը նաև ընդգծեց, որ մարտի 1-ի գործով քրեական գործերը միավորված են և քննվում են մեկ վարույթում: «Սահմանադրական կարգի տապալման քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին և քննվում են մեկ միասնական վարույթում»,- նշեց Սասուն Խաչատրյանը: