Մարզային

Սարդարապատ համայնքում ոգեկոչել են հակառակորդի գնդակից զոհված զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Սարդարապատ համայնքում ոգեկոչել են հակառակորդի գնդակից զոհված զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատ համայնքում կայացել է հակառակորդի արձակած գնդակից զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի մահվան տարելիցին նվիրված միջոցառում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ նշված է. «2014 թվականի այս օրը հակառակորդը հարձակում է գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ թշնամու արձակած գնդակից հերոսաբար զոհվել է նաև պաշտպանության բանակի զինծառայող Արարատ Խանոյանը:

Ծառայության ընթացքում դրսևորած կարգապահության և օրինակելի վարքի համար նա բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից. Արարատ Խանոյանը եղել է վաշտի ավագ սերժանտ, հետախուզական ջոկի հրամանատար, իսկ հետմահու ստացել է նաև լեյտենանտի կոչում:

Հերոս հայորդու մահվան տարելիցի առթիվ այսօր Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել համայնքի կենտրոնում` նրա հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Հիշատակի միջոցառմանը Արարատ Խանոյանի ընտանիքի անդամների, հարազատների, մեծաթիվ հյուրերի և սարդարապատցիների հետ ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա ծաղիկներ է դրել հերոս սարդարապատցու հիշատակը հավերժացնող հուշարձանին, գլուխ խոնարհել նրա հիշատակի առջև:

Իր վշտակցությունը հայտնելով Խանոյանների ընտանիքին` մարզպետ Գագիկ Միրիջանյանն անգնահատելի է համարել Արարատի և իր զինակից ընկերների սխրանքը. «Ձեր տղան և իր ընկերներն իրենց կյանքով մեզ կյանք են պարգևել, և մենք` բոլորս միասին, մեր ամենօրյա աշխատանքով պետք է արժանին մատուցենք նրանց հիշատակին»: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև Արարատի ծլողներին` նման զավակ լույս աշխարհ բերելու և հերոսի ոգով դաստիարակելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում