Իտալիան կշարունակի աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը և կխորացնի Հայաստանի հետ հարաբերությունները. Արմեն Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի միջև զրույցն ընթացել է ջերմ մթնոլորտում, եղել է բավական բովանդակալից քննարկում հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ: Երևանում ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ կողմերը վերահաստատել են միջպետական հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը:

«Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր, դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում: Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարի լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Անդրադարձանք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Սա ևս մի հարթություն է, որտեղ հայ-իտակական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկար ունենք: Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ՀՀ նախագահը նշեց, որ երկկողմ գործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորել են երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ: Երկու երկրների նախագահներն արձանագրել են տնտեսական, գործարար, մշակութային և գիտակրթական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևորությունը:

«Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը, մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա Երևանում հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացումով, որը տեղի կունենա վաղը: Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունը և բազմոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»,- հավելեց Արմեն Սարգսյանը:

Հուլիսի 30-ին Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ պետական այցով ժամանել է Հայաստան: Երկօրյա պետական այցն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:

Հայերեն English Русский

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ