Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք. տնտեսական մենաշնորհների վերաբերյալ քննարկում Փաշինյանի մոտ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ: Մեր տնտեսական քաղաքականությունը հետևյալն է. մենք մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչև տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, և այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջև: Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլևս հնարավորություն ունենան տվյալ ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի և այդ մարդիկ նույնպես ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն: Իհարկե, միանշանակ է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելու համար քաղաքական որևէ խոչընդոտ գոյություն չունի և քաղաքական խոչընդոտներն այլևս վերացված են, ներառող համակարգ ունենալու բոլոր պայմանները ստեղծված են: Կարծում եմ՝ մենք ժամանակ առ ժամանակ պետք է իրավիճակը մոնիթորինգի ենթարկենք՝ հասկանալու համար, թե հանրության շրջանում որպես մենաշնորհված ոլորտներ հայտնի տիրույթներում ինչ է կատարվում, արդյոք այնտեղ դե ֆակտո իրավիճակի փոփոխություն ունենք, թե՝ ոչ, և եթե չունենք իրավիճակի փոփոխություն՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի իսկապես կարողանանք ապահովել իրական տնտեսական մրցակցություն, շուկաների հասանելիություն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին: Այդ առումով, ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է շաքարավազի, բենզինի և բանանի շուկաներում զարգացումներին: Մասնավորապես, նա զեկուցել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապաահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն գինը նվազել է26 տոկոսով:

Անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ոլորտին՝ ՏՄՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ և ներկա դրությամբ որևէ արգելք չկա ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում: Ըստ Արտակ Շաբոյանի, այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաև թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ, խնդիրներ կան նաև դիզվառելիքի ստանդարտների հետ կապված:

Անդրադառնալով բանանի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաև բանան ներմուծող ընկերությունների և ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ և այսօր այն կազմում է 480 դրամ: Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է այս ոլորտում ուսումնասիրությունները՝ հնարավոր հակամրցակցային գործողությունները վեր հանելու նպատակով:

Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաև խոշոր սուպերմարկետների, ԱԳԼՃԿ-ների գործունեության մասին, անդրադարձել առկա հակամրցակցային իրավիճակին և այս ոլորտներում առկա խնդիրներին:

Ներկայացված տեղեկատվության շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր առաջարկություններ՝ նաև օրենսդրական կարգավորումների միջոցով հնարավոր մենաշնորհների դեմ պայքարելու և ազատ մրցակցային պայմաններ ապահովելու վերաբերյալ: Որոշ խնդիրների, այդ թվում՝ բենզալցակայաններում և ԱԳԼՃԿ-ներում թերլցումների հետ կապված կարևորվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ քննարկել, գալ կոնկրետ եզրակացությունների և արդյունքները ներկայացնել իրեն: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, անկախ նրանից, թե ինչ գործիքով մենք դա կանենք: Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո: Մենք հայտարարություն անելիս նախ պետք է ուսումնասիրենք՝ կարգավորումներն իրական կյանքում գործում են, թե՞ հայտարարությունները կրկին շարունակում են լինել մի հարթության մեջ, իսկ իրականությունը՝ մեկ այլ: Այստեղ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի և, ընդհանրապես, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը»:

Հայերեն English Русский

Ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից