Պաշտոնական

ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման երաշխավորն է. Ավինյանի գրասենյակի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման երաշխավորն է. Ավինյանի գրասենյակի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության՝ հուլիսի 26-ին տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ «Հենց այս գնահատականի նպատակով ձևավորվել և արդեն իսկ գործում է աշխատանքային խումբ, որն, անկասկած, հաջողությամբ կիրականացնի այն առաքելությունն, ինչի համար կոչված է, այն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրում ու իրագործում։

Միևնույն ժամանակ չենք կարող անուշադրության մատնել և չարձանագրել խորը մտահոգություն առաջացնող նոր ի հայտ եկած փաստերը, որոնք չպետք է վրիպեն նաև խնդրով զբաղվող մարմինների ուշադրությունից։ «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի։

Մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Ամուլսարի ու ընդհանրապես ողջ Հայաստանի բնության պահպանմամբ մտահոգ և, անկասկած, ազնիվ նպատակներ հետապնդող բնապահպանների ծավալած պայքարից չեն փորձում օգտվել և օպորտունիստական վարքագիծ դրսևորել նեղանձնական շահեր հետապնդող սուբյեկտներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավինյանի գրասենյակից նշել են, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորն է։ «Այս նպատակով ի հայտ եկած բոլոր փաստերն իրավունքի և օրենքի գերակայության, տնտեսական ազատությունների անվերապահ պահպանման սկզբունքերի հիման վրա պետք է օբյեկտիվ քննության ենթարկվեն։

Հայաստանի տնտեսական շահերը, միջազգային վարկանիշը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական ազնիվ պայքարը չեն կարող ու չպետք է շահագործման առարկա դառնան պատեհապաշտների ձեռքում»,- ասվում է ՀՀ փոխվարչապետի հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում