ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան եկած ուսանողները մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերում հայրենիքում. երիտասարդները հանդիպեցին ՀՀ նախագահին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության Ամառային մասնագիտական փորձառության և Երաժշտական Հայաստան ծրագրերով Հայաստանում գտնվող երիտասարդ ուսանողներն ուրախ են ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև հայրենիքին իրենց հմտություններով աջակցելու, հայկական մշակույթին, պատմությանը, տեղացիներին ավելի մոտիկից ճանաչելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարբեր երկրներից եկած երիտասարդները նման տեսակետ հայտնեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրեց երիտասարդների հետ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկումը: Նախ նա հետաքրքրվեց, թե ովքեր լավ հայերեն գիտեն: Բարձրացված ձեռքերը քիչ չէին: Հետո նախագահը հետաքրքրվեց՝ նրանց՝ Հայաստանում գտնվելու գլխավոր դրդապատճառից, և հենց ինքն էլ նկատեց՝ մեկ պատճառ կա՝ սա իրենց հայրենիքն է, իրենց երկիրը:

Երիտասարդ ուսանողների պատասխանները բազմազան էին: Սա ոմանց առաջին այցն էր Հայաստան և լավ հնարավորություն՝ բացահայտելու հայրենիքը: Երիտասարդներից մեկը նշեց՝ շատ է սիրում պատմությունը: Նախագահն էլ հետաքրքրվեց՝ տեղյակ է արդյոք Հայաստանում տեղի ունեցած վերջին պատմական իրադարձություններից: «Գիտեմ, որ ժողովուրդը ստեղծեց նոր կառավարություն: Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ»,-ասաց երիտասարդ ուսանողը:

Լյուդմիլա Ավագյանը, ով Հայաստան է եկել ԱՄՆ Վիրջինիա նահանգից, նշեց՝ թեև իր ընտանիքն այնտեղ է բնակվում, սակայն իր մնացած բոլոր բարեկամները Հայաստանում են: «Ես այստեղ եմ՝ տեսնելու նաև իմ հարազատներին: Ես այնքան մեծ կապվածություն ունեմ այս երկրի հետ, որ հույս ունեմ՝ շատ անգամներ եմ գալու»,-ասաց նա:

Նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ կուզի արդյոք այստեղ մշտական բնակություն հաստատել: Պատասխանեց՝ կուզեր այստեղ ապրել ընտանիքի հետ:

Շատերը նշեցին՝ այս այցը հնարավորություն է բացահայտելու իրենց հայրենիքի մշակույթը, պատմությունը, մարդկանց, նաև կապվել նրանց հետ: Քանի որ ներկա էին նաև երաժիշտներ, նախագահը հարցրեց՝ ճանաչում են արդյոք հայ ջութակահարներին: Հնչեցին Նարեկ Հախնազարյանի, Սուրեն Խաչատուրյանի անունները: Երիտասարդներից մեկը նշեց՝ Էդվարդ Թոփչյանի հետ հանդիպելու հնարավորություն երբեք այլ վայրում չէր ունենա: Ուրախ է, որ նրան հանդիպել է հենց հայրենիքում:

Գաբրիելա Գյոզյանը, ով Հայաստան է եկել Լոս Անջելեսից, այստեղ մասնակցել է «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում իրականացվող ծրագրերից մեկին՝ մարքետինգի հարցերով: «Ուրախ եմ, որ կարող եմ գալ ու օգնել հայրենիքիս: Շատ լավ ծրագիր է, քանի որ մենք էլ նոր հմտություններ ենք ձեռք բերում: Հայաստանում արդեն 7-րդ անգամ եմ: Ամեն անգամ գալով՝ այլ կերպ եմ սիրում հայրենիքս»,-նշեց նա ու հավելեց՝ Հայաստանում ապրելու նպատակ ունի:

Հետո արդեն երիտասարդները հարցեր ուղղեցին նախագահին: Հարցերը վերաբերում էին տարբեր թեմաների՝ սկսած ներքաղաքական իրադրությունից մինչ հարևան երկրների հետ հարաբերություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց՝ փոփոխությունները Հայաստանում շարունակական են լինելու:

«Մենք մեծ հեղափոխություն ենք ունեցել, սակայն դրա հետ մեկտեղ հարգում ենք նախկինում հաստատած միջազգային պարտավորությունները: Ցանկացած փոփոխություն բերում է նոր գաղափարներ, նոր ծրագրեր»,-նշեց նախագահն ու հավելեց՝ փոփոխությունները դեռ չեն ավարտվել:

Երիտասարդների մի խումբը Հայաստանում է մնալու 6, իսկ մյուս՝ 5 շաբաթ:

Ծրագրերի մասնակից երիտասարդները, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից, մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, մասնակցում են ուսուցողական և մշակութային միջոցառումների, այցելում տեսարժան վայրեր, ծանոթանում երկրի պատմամշակութային ժառանգությանը:

Հայերեն العربية English Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26