Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակմամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից,ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու վերաբերյալ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրից փախուստի եղանակը, փաստական տվյալներ ձեռք բերվել` կատարված ավազակությանը 4 անձի առնչության վերաբերյալ, անհատականացվել նրանց գործողությունները։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում: Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը 2017թ. հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60.000 եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական համաձայնություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, ով անվտանգության նկատառումներից ելնելով` առաջարկել է գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում։ Մասնաճյուղի կառավարիչը, սպառնալիքների ազդեցության ներքո, կատարել է գրավոր ներկայացված պահանջը, և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հափշտակելով չհրկիզվող պահարանում առկա առանձնապես խոշոր չափերի գումարը՝ 42.709.000 ՀՀ դրամ, 105.223 ԱՄՆ դոլար, 27.325 եվրո, 439.800 ՌԴ ռուբլի և 205 ֆունտ ստերլինգ, դիմել է փախուստի։

Քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից 3-ին՝ Ա.Գրիգորյանին, Դ.Գրիգորյանին և Մ.Գալստյանին, մեղադրանքներ են առաջադրվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ավազակային հարձակմանն օժանդակելու համար, իսկ 4-րդ անձի՝ Պ.Ցիգանկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։ Վերջինս հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետությունում և, օրենքով սահմանված կարգով, 2018 թվականի հուլիսին տեղափոխվել Հայաստան և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հուլիսի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ