Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց գրողների միության նախագահի պաշտոնում 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության 19-րդ համագումարը տեղի ունեցավ հուլիսի 11-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համագումարի օրակարգում Հայաստանի գրողների միության նոր նախագահի ընտրությունն էր, որի ընթացքում բաց քվեարկությամբ և ձայների ճնշող մեծամասնությամբ միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

Մինչ համագումարը սկսելը Միլիտոնյանը ներկայացրեց միության 4 տարիների կատարած աշխատանքը: Նա, մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՄ վարչության, նախագահության եւ աշխատակազմի աշխատանքը եղել է ամենօրյա եւ ամփոփվել է «Գրական թերթում»:

«Բոլոր ուղղություններով աշխատանքներ ենք տարել, որոնք պարբերաբար լուսաբանվել են նաեւ լրատվամիջոցներում: Այս ընթացքում վերանորոգվել է միության շենքի առաջին հարկը: Տեխնիկապես վերազինվել է դահլիճը: Վերանորոգվեց նաեւ Սեւանի հանգստյանը տունը, որը գտնվում էր խարխուլ վիճակում: Այսօր մեր հաշվեհամարին ունենք 5 միլիոն դրամից ավել գումար, որը գոյացել է ամենամյա մարաթոների միջոցով: Մոտ 10 մլն 500 հազար դրամ գումար մեր բարերարները նվիրել էին հիմնադրամի ֆոնդին: 40-ից ավելի գրողների աջակցել ենք բուժօգնություն ստանալ: Բազմաթիվ գրողների ուղարկել ենք գործուղումների: Մենք աշխատել ենք նաեւ համայնքներում: Միայն Հովհաննես Թումանյանի Թբիլիսի տան նորոգումն ու բացումը կարծում եմ հրաշալի նախաձեռնություն էր, որ սկսվել էր դեռեւս ՀԳՄ նախորդ նախագահի` Լեւոն Անանյանի օրոք: Մեր տնտեսությունը զարգացել է: Այնպես ենք անում, որ կարողանանք ինքներս լուծել մեր բոլոր հարցերը: Հաշվետու տարվա ընթացքում շուրջ 700 միջոցառում է անցկացվել: Շարունակելու ենք լավ ավանդույթները պահպանել: Նոր ծրագրեր էլ կան: Օրինակ նախաձեռնել ենք ամենամյա միջազգային գրական փառատոն անցկացնել: Այն կնպաստի ժամանակակից գրականության տարածմանը»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Գրողների միության անցած 4 տարիների աշխատանքը Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը բավարար գնահատեց: Նրա ձեւակերպմամբ` հայ գրական ընտանիքի մի փոքրիկ մասը ապրում եւ ստեղծագործում է Արցախում եւ այն համագործակցությունը, որ ստեղծվել է իրենց եւ ՀԳՄ կառույցի միջեւ` արդեն տվել է իր դրական արդյունքները:

«Մեծագույն առաջընթաց է, որ այսօր մենք ունենք միասնական հայ գրականություն եւ, որ այլեւս չեն տարանջատում Սփյուռքն ու Արցախը»,- իր ելույթում նկատեց գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

Միլիտոնյանը ՀԳՄ նախագահն է 2013 թվականից։

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն