Հասարակական

Նյու Յորքի Metropolitan թանգարանում կբացվի Հայաստանին նվիրված բացառիկ ցուցադրություն

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքի Metropolitan թանգարանում կբացվի Հայաստանին նվիրված բացառիկ ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Յորք քաղաքի հայտնի Metropolitan թանգարանում սեպտեմբերից կբացվի «Հայաստան» խորագիրը կրող ցուցադրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BlouinArtInfo.com-ը, ցուցադրությունը ներկայացնելու է հայկական ազգային ինքնության ձևավորման պատմությունը՝ սկսած 4-րդ դարասկզբին քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելուց մինչև Հայաստանի պատմական դերակատարությունը 17-րդ դարի միջազգային առևտրային գործընթացներում:

Ցուցադրությունը պատմելու է նաև այն մասին, թե ինչպես են հայերը պահպանել ու վերափոխել իրենց ավանդույթները՝ ճանապարհորդելով աշխարհի տարբեր անկյուններ:

Նյույորքյան հայտնի թանգարանում ցուցադրվելու են ավելի քան 140 ոսկեզօծ մասունքներ, նկարազարդված ձեռագրեր, խաչքարեր, եկեղեցու մանրակերտեր, տպագիր գրքեր և հազվագյուտ այլ ցուցանմուշներ:

«Հատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի հայտնի արտիստների աշխատանքներին, ինչպիսիք են Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Թորոս Տարոնացին, Հակոբ Ջուղայեցին, ովքեր աշխատել են ինչպես մայր Հայաստանում, այնպես էլ Կիլիկիայի Թագավորությունում և Նոր Ջուղայում»,- ասվում է Metropolitan թանգարանի հայտարարության մեջ:

Ցուցանմուշների զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվելու Միացյալ Նահանգներում: Դրանք մեծամասամբ տրամադրել է ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ որոշ ցուցանմուշներ վերցվել են Metropolitan-ի ու ամերիկյան և եվրոպական ինստիտուտներից:

Սեպտեմբերի 22-ից բացվող «Հայաստան» ցուցադրությունը Նյու Յորքի թանգարանում կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում