Պաշտոնական

Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով: Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ կապերն էլ ավելի խորանան և հարաբերությունները լինեն սերտ՝ առավել քան երբևէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Մեդինսկին հույս է հայտնել, որ երևանյան ֆորումը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը՝ տնտեսության, մշակույթի, հումանիտար և այլ ոլորտներում: ՌԴ պատվիրակության ղեկավարն առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզերի և տարածաշրջանների միջև գործարար կապերի խթանմանը միտված միություն ստեղծելու հնարավորությունը, ինչը կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Պարոն Մեդինսկին կարևորել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ինչպես միջտարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, այնպես էլ ֆիլմարտադրության խթանմամբ ու մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմամբ: Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին՝ վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից ՌԴ արտահանումների ծավալներն ունեն դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ առաջիկայում այդ տեմպերը կշարունակեն ոչ միայն պահպանվել, այլ նաև ավելանալ:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում