Պաշտոնական

Քննարկվել են հայ-չինական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են հայ-չինական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն այդ հարցում ունի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

Իր հերթին, Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս պատրաստ է ջանքեր գործադրել ընդլայնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում քաղաքական և տնտեսական: Դեսպանը հավելել է, որ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները լավ հնարավորություններ են տալիս խթանելու տնտեսական փոխգործակցությունը և նշել, որ այդ նպատակով անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ աշխատանքները, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում: Դեսպանը հավելել է, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն իսկ երկու երկրների միջև արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների 41 տոկոսի աճ և հեռանկարային համարել կապերի զարգացումը արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Միաժամանակ, Թիան Էրլունն ընդգծել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ են Երևանում չինական դպրոցի կառուցման աշխատանքները, իսկ աշնանը մեր երկրին կհատկացվի շուրջ 200 շտապ օգնության նոր ավտոմեքենաներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում