Բուհերի դիմորդների թիվն այս տարի անհամեմատ նվազել է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բուհեր այս տարի դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Բուհերից հավաստիացրին՝ չնայած նման ցածր ցուցանիշին՝ գրեթե չկան ֆակուլտետներ, որոնց համար դիմումներ ընդհանրապես չլինեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թե՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի, թե՛ բուհերի մասնագետները դիմորդների նման ցածր քանակը պայմանավորեցին 12-ամյա կրթական համակարգով:

«Ունենք 4626 դիմորդ: Դասարանները քիչ թվով աշակերտներ ունեին: Այս տարվա շրջանավարտներն առաջինն էին, ովքեր ավարտում էին 12 տարի սովորելով»,-դիմորդների թվի կրճատումն այսպես հիմնավորեց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:

ԵՊՀ ընդունելության առաջին փուլում դիմել է 1519 դիմորդ: Նախորդ տարի բակալավրիատի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ էր դիմել 2632 դիմորդ՝ 1113-ով ավելի այս տարվա դիմորդների թվից:

«Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ԵՊՀ-ն այս տարի ամենաշատ դիմորդներ ունի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունների համար: Քիչ դիմորդներ ունեն «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները»,-ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ու հավելեց, թե այս տարի ԵՊՀ-ում չկա ֆակուլտետ, որ ընդհանրապես դիմորդ չունենա:

Նրա խոսքով՝ դիմորդների թվի նվազման պատճառն անցումն է 12-ամյա կրթական համակարգին:

Այս տարի Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դիմորդների թիվը եղել է 290՝ նախորդ տարվա նույն ժամանակի դիմորդների թվից 70-ով պակաս: Ամենաշատ դիմում-հայտեր ներկայացվել են «Լեզվաբանություն», «Թարգմանչություն» մասնագիտությունների համար: Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գևորգյանը նշեց՝ այս տարի թերի տարի էր:

Իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջին փուլի համար ունեցել է 616 դիմորդ՝ նախորդ տարվա մոտ 1000-ի համեմատ: Ամենաշատ դիմորդներ կան «Բանասիրություն», «Հոգեբանություն», «Սկզբնական կրթություն» մասնագիտությունների համար: Ընդհանրապես դիմորդներ չեն եղել «Բնագիտություն», «Տիֆլոմանկավարժություն» և «Սուրդոմանկավարժություն» բաժինների համար:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դիմորդների թիվը եղել է 462՝ նախորդ տարվա 966-ի համեմատ: Այս բուհում ամենաշատը դիմել են ֆինանսական, իսկ ամենաքիչը՝ վիճակագրության ֆակուլտետների համար:

Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի ունի 503 դիմորդ: Ամենաշատը դիմորդներ եղել են «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության համար, ամենաքիչը՝ «Չափագիտության»՝ ընդամենը 4 դիմորդ: Առանց դիմորդի ֆակուլտետ չի մնացել:

Առաջին փուլի համար դիմում-հայտերը հայաստանյան բուհերում ընդունվել են մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը