Հասարակական

Կրթության և գիտության նախարարը ցանկանում է առաջիկայում հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ

2 րոպեի ընթերցում

Կրթության և գիտության նախարարը ցանկանում է առաջիկայում հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ցանկանում է առաջիկայում հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ «Այբ» դպրոցի շուրջ առաջացած աղմուկը չի վերաբերում հենց դպրոցի գործունեությանն, այլ «Արարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին:

«Այդ ծրագրի գործունեության համար «Այբ» հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են արվել` պայմանավորված ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդականի անձով: 2017 թվականին պետական բյուջեից 617 մլն դրամ գումար է հատկացվել «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, ինչի արդյունքում այս պահին մենք ունենք մոտ 100 վերապատրաստված ուսուցիչ և թարգմանված ծրագրեր: «Արարատյան բակալավրիատ»-ը նախատեսում էր գերազանցության կենտրոններ բացել Հայաստանի ընդամենը 20 դպրոցում: Այս ամենից զատ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության ազգային ինստիտուտին, որը պետք է նմանատիպ գործառույթներ իրականացնի Հայաստանի տարբեր դպրոցների համար, հատկացվել է 638 մլն դրամ: Եվ այս ամենն այն դեպքում, երբ Կրթության ազգային ինստիտուտի ենթակայության տակ եղել շուրջ 1400 դպրոց և տասնյակ հազարավոր ուսուցիչ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման և ծախսերի վերաբերյալ հարցին կանդրադառնա աուդիտի ուսումնասիրության ավարտից հետո: Եզրափակելով խոսքը` նա ընդգծեց, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրով բավականին լավ մասնագետներ են վերապատրաստվել և այդ մանկավարժների ներուժն անպայման կօգտագործվի կրթության զարգացման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում