«Որևէ մեկը չի կարող ասել, որ այս պատմությունը ճշմարիտ չէ». Մարկ Արենը՝ «Վիլ-Էվրար» գրքի մասին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» բեսթսելերի հեղինակ Մարկ Արենը Հայաստանում է. եկել է ներկայացնելու իր վերջին՝ «Վիլ-Էվրար» գիրքը, որի շնորհանդեսը մայիսի 31-ին անցկացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Շնորհանդեսի ընթացքում ընթերցասերները և լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ստացան զրուցելու նաև հեղինակի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մարկ Արենի հետ հանդիպման ուշագրավ դրվագները:

Մարկ Արենը՝ «Վիլ-Էվրար» գրքի մասին

«Վիլ-Էվրար» գիրքը հետաքրքիր ձևով ծնվեց: Իմ ընկերներից պրոդյուսեր Վալերի Սահարյանը մի օր ինձ ասաց, որ հետաքրքիր կլինի Կոմիտասի վերաբերյալ պատմություն գրել: Ես նրան ասացի, որ դա բավականին ծանր բեռ է, ծանր խնդիր, բայց խոստացա մտածել այդ մասին: Այնուհետև մտածեցի, որ կուզենայի գրել իմ Կոմիտասի մասին, մի Կոմիտասի, որին լայն հասարակությունը չի ճանաչում, չի ճանաչել, որովհետև, չգիտես ինչու, մեզ մոտ տպավորված էր Կոմիտասի՝ հույսը կորցրած, մոլորված պատկերը ծանր և դաժան դեպքերից հետո: Ես չէի ուզում նման Կոմիտասի մասին գրել: Երբ խորությամբ սկսեցի ուսումնասիրել նրա կենսագրությունը, գտա մի ժամանակահատված, որի մասին ոչինչ չգիտեի: Դա այն ժամանակահատվածն է, երբ Կոմիտասը տեղափոխվել էր Ֆրանսիա, ապրում էր «Վիլ-Էվրար» հոգեբուժարանում: Հետո նա տեղափոխվեց «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ վախճանվեց: «Վիլ-Ժուիֆ»-ի մասին շատ ինֆորմացիա կա. նրան այնտեղ այցելել են իր ընկերները, բարեկամները: «Վիլ-Էվրար»-ի մասին գրեթե տեղեկատվություն չկա: Եվ ես հասկացա, որ սա ինձ թույլ կտա գրել այդ մասին: Ես չեմ կարող պնդել, որ այն, ինչ ես գրել եմ, տեղի է ունեցել, բայց չեմ էլ կարող հերքել:

...ես չէի կարող շրջանցել այն դժբախտությունը, որը տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ, և որի պատճառով Կոմիտասը մեկնեց Ֆրանսիա, բայց ես ուզում էի դրա մասին ասել այլ կերպ՝ առանց ցույց տալու որևէ դաժան դեպք: Ինձ պետք էր, որպեսզի ես դրա մասին ասեմ 2-3 խոսքով, բայց որպեսզի լայն հասարակությունը հասկանա այդ դժբախտության խորությունը:

…. ինձ թվում է, որ «Վիլ-Էվրար»-ը նույն հաջողությունը պետք է ունենա, ինչ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը: Զարմանալի է, որ պիեսները կարդացվում են Հայաստանում: Սա վկայում է այն մասին, որ սերը դեպի գիրքն առկա է ու պահպանվել է մեր ազգի մեջ:

«Վիլ-Էվրար»-ում չեմ եղել

Հուսով եմ, որ կլինեմ այնտեղ: Հավաքել եմ «Վիլ-Էվրար»-ի մասին համացանցում եղած ամբողջ տեղեկատվությունը, լուսանկարները: Նույնիսկ պատկերացնում էի, թե ինչպես է Կոմիտասը զբոսնել «Վիլ-Էվրար»-ի պարտեզով:

Ցեղասպանություն և Հոլոքոստ

«Վիլ-Էվրար»-ում երկու գլխավոր հերոս կա՝ երիտասարդ բժշկուհի Իզաբելը և նրա ղեկավարը՝ հոգեբուժարանի գլխավոր բժիշկն ու տնօրենը՝ տարիքն առած պրոֆեսոր Դյուպոնը: Որոշել էի գիրքը գրել այն բոլոր կանոններով, որով գրվում են նման պատմությունները: Կոմիտասի համար մի ընկեր հնարեցի, որն իր հետ նույն պալատում էր մնում՝ շախմատիստ Շպիլմախերը: Կոմիտասն անցել էր Ցեղասպանության միջով, իսկ Շպիլմախերին ապագայում Հոլոքոստ էր սպասվում: Ես ուզում էի կապել երկու ժողովուրդների ճակատագրերը. ասել է թե՝ եթե հայ ժողովուրդը չանցներ Ցեղասպանության միջով, նման բան չէր լինի նաև հրեա ժողովրդի հետ:

Քիչ կարդալ, շատ՝ գրել

Ես աշխատում եմ հնարավորինս քիչ կարդալ: Երբ կարդում ես, տպավորվում այս կամ այն գործով, կամա թե ակամա սկսում ես մտածել այնպես, ինչպես մտածում է այդ հեղինակը և սկսում ես շաբլոններով աշխատել: Դա իր բացասական կողմն ունի:

Անհատական ոճ

Բոլոր պրոֆեսիոնալ գրողներն ինչ-որ ոճով են գրում: Քանի որ ես պրոֆեսիոնալ գրող չեմ, որոշեցի գտնել իմ ոճը և այդ ոճն անվանում եմ «ավանտյուրիզմի ոճ»: Ես վերցնում եմ մի քանի պատմական դեմքերի, ովքեր շատ հայտնի են, խառնում եմ իմ կողմից ստեղծված մտացածին հերոսների հետ. հորինված հերոսներն ինչ-որ չափով իրական են դառնում: Փառք Աստծո, այդ փորձը մինչև հիմա հաջողվում է, մեթոդը բավականին լավ աշխատում է: Եվ դրա ապացույցն այն փաստն է, որ գրքերն արդեն մի քանի անգամ վերահրատարակվում են:

Հաջորդ գրքի մասին

Գրքի հերոսները երեք տղաներ են, ովքեր մեծանում են նույն բակում, տարբեր ընտանիքներից են, բայց ընկերություն են անում: Նրանցից մեկը մեկ տարով մեծ է մյուսներից, և չի պատկերացնում իր կյանքն առանց ընկերների: Նա փորձում է այնպես անել, որ մնա նույն դասարանում, որ իր ընկերների հետ սովորի: Տղաներն ավարտում են դպրոցը, Ղարաբաղյան պատերազմ են գնում, վերադառնում են պատերազմից: Եվ նրանցից յուրաքանչյուրի կյանքը տարբեր կերպ է դասավորվում: Տղաներից մեկը դառնում է հարուստ բիզնեսմեն, բայց հայրը շարունակում է աշխատել: Նա դա բացատրում է հետևյալ կերպ՝ հիմա ես կարող եմ արդեն գումար չվերցնել աղքատներից:

…ես շատ եմ ուզում, որ նման հերոսները, որ նկարագրված են գրքում, շատանան մեր իրականությունում: Բոլոր հեղինակները ձգտում են, որ հասարակության մեջ իրենց նկարագրած դրական հերոսներին նման մարդիկ լինեն: Եթե գրքերը թույլ տան լուծել մեր խնդիրները, աշխարհը կլինի ավելի գեղեցիկ:

Գրքի հիման վրա Հայաստանում հեռուստասերիալ է նկարահանվում, պետք է այնպես անենք, որ գիրքն ու ֆիլմը միաժամանակ դուրս գան:

Մարկ Արենը(իրական անունը՝ Կարեն Մարգարյան) արդի հայ արձակագիր է ։ Բնակվում էՄոսկվայումև մասնագիտությամբ տնտեսագետ է։ Առաջին վեպը՝«Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.։«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թ.։Երևանյանգրախանութներում այն դարձել է գեղարվեստական գրականության բեսթսելեր ։ Մարկ Արենն «Արմենպրես»-ի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում այս տարի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր», «Վիլ-Էվրար» ստեղծագործությունների համար «Օտարագիր հայ հեղինակ» անվանակարգում մրցանակի էր արժանացել («Բուկինիստ» հրատարակչություն):

«Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսն ուղեկցվեց երաժշտական համարներով: Ելույթ ունեցավ նաև գրքի թարգմանիչ Հովհաննես Այվազյանն, ով փաստեց, որ իր համար մեծագույն հաճույք էր թարգմանել Արենի գիրքը: Նա նաև տեղեկացրեց, որ թարգմանել է գրողի հաջորդ գիրքը, որը լույս կտեսնի առաջիկայում:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում