Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կպայքարի չորս հայ թեկնածու. հրապարակվել են վերջնական ցուցակները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջնականապես հստակեցրել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ներկայացրած թեկնածուների ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, ցուցակները հրապարակվել են Resmi Gazete պաշտոնաթերթում:

Համաձայն հրապարակված ցուցակների՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

Մարգար Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:

Ի տարբերություն Եսայանի՝ Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը: Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:

Էլմաս Կիրակոսը նախկինում «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է եղել: Այս ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրվելու թղթերը հանձնելիս նա նշել էր, որ ինքը հայ է, գնում է եկեղեցի ու հպարտ է, որ Աթաթուրքի զավակներից է։

Լուդմիլա Բյույումը հասարակայնության հետ կապերի մասնագետ է:

Բացի Գարո Փայլանից, ում թեկնածությունը կուսակցությունն առաջադրել է Դիարբեքիրում, մյուս բոլոր թեկնածուներն առաջադրված են Ստամբուլում:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն:

Նշենք, որ նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թուրքական մեջլիսն ունի 3 հայ պատգամավոր՝ Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան Սելինա Դողանը: Վերջինս այս անգամ կուսակցության կողմից որպես պատգամավորի թեկնածու չի առաջադրվել։

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի: Ընտրություններից հետո նախկինում 550 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում այսուհետ կլինեն 600 պատգամավորներ:

Հայերեն العربية English Русский

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը