Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» շարժման ակտիվիստների ձերբակալություններ են սկսվել
2 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» շարժման ակտիվիստների ձերբակալություններ են սկսվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/935467.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մայիսի 30-ին REAL (Հանրապետական այլընտրանք) ընդդիմադիր շարժման ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են սկսվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ ձերբակալվել են շարժման ակտիվիստներ Էլմար Համզան, Արաստուն Մախշալիևը և երկու այլ ակտիվիստներ:
Մայիսի 29-ին Բաքվի Յասամալի շրջանի դատարանը 30 օրվա կալանքի է դատապարտել կուսակցության մեջլիսի ներկայացուցիչ Ազեր Գասըմլիին:
Ակտիվիստները մեղադրվում են «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» հատկանիշներով:
REAL շարժման ակտիվիստները մայիսի 28-ին մայրաքաղաքում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքի մասնակիցները վանկարկել էին «Ադրբեջան, Հանրապետություն, Մենք Ռասուլզադեի թոռներն ենք» խոսքերը:
2018 թ. մարտի 8-ից REAL շարժումը դարձել է կուսակցություն: Շարժման առաջնորդ Իլգար Մամեդովն արդեն 5-րդ տարին է գտնվում է ազատազրկման մեջ:
Ադրբեջանում իշխանություններին քննադատող և իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հակասող կարծիք ունեցող անձանց անօրինական ձերբակալությունները շարունակական բնույթ են կրում: