Հասարակական

ԵՊՀ-ն հայտարարում է քաղաքական ճնշումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն հայտարարում է քաղաքական ճնշումների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ համալսարանը քաղաքական ճնշումների է ենթարկվել՝ «մայիսի 28-ին Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ»:

«Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ մուտք են գործել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք և պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Հրաժարականի իրավական հիմնավորում չի ներկայացվել, ներկայացվել է քաղաքական պահանջից ելնելով հիմնավորում, ինչը կապված է ԵՊՀ ռեկտորի կուսակցական պատկանելիության հետ։ Քաղաքական բնույթի պահանջները զուգորդվել են բազմապիսի ճնշումների գործադրմամբ, մասնավորապես, փակվել են ԵՊՀ մուտքերը, սահմանափակվել է ԵՊՀ աշխատակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, որի հետևանքով խաթարվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջությունը։ Կարծում ենք, որ նմանօրինակ վարվելակերպը ուղղորդվում է ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից, ինչը համարում ենք անընդունելի և վտանգավոր», - ասված է ԵՊՀ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետին, նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին և Միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին հասցեագրված հայտարարությունում նաև ասված է․

«Լինելով միջազգային բուհական համայնքի անդամ, պատշաճ կատարելով ստանձնած պարտավորությունները և համարելով, որ կոպտորեն խախտվում է բուհական ինքնավարության սկզբունքը, ակնկալում ենք Ձեր արագ և գործուն աջակցությունը՝ Երևանի պետական համալսարանը քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում