Պաշտոնական

Փաշինյանը և Բրիջիթ Բրինքը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Բրիջիթ Բրինքը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության զարգացմամբ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքերի պաշտպանության և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարման, իրավական համակարգերում բարեփոխումների իրականացումը:

Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ապա բարեմաղթանքներ հղել Հայաստանի համար պատմական օրվա՝ առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Տիկին Բրինքը նշել է, որ Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել խորացնելու և էլ ավելի զարգացնելու փոխգործակցությունը մեր երկրի հետ: «Միացյալ Նահանգները կա և կմնա Հայաստանի կառավարության և ժողովրդի ամուր գործընկերը: Ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը՝ մենք կաջակցենք Ձեր կառավարության ջանքերին, որոնք ուղղված են խաղի հավասար պայմանների ապահովմանը՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի և ամերիկյան ներդրողների»,- ասել է Բրիջիթ Բրինքը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակացային գործընթացին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ՝ կարևորել է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումն ու ամրապնդումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների խթանմանը, առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացմանը, երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը վերաբերող այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում