Մարզային

Փանիկում վերաբացվեց հանրապետությունում եզակի հացի  թանգարանը

2 րոպեի ընթերցում

Փանիկում վերաբացվեց հանրապետությունում եզակի հացի  թանգարանը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փանիկում ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո վերաբացվեց Պատմության թանգարանը:

Մայիսի 27-ին Շիրակի մարզի Փանիկ համայնքում բացվեց համայնքի պատմության թանգարանը, որն այսուհետ կկրի Պետրոս Նահապետյանի անունը, ում շնորհիվ գյուղում 1967 թվականին առաջին անգամ բացվեց թանգարանը: Այն եզակի է հանրապետությունում՝ իր ցուցադրության մեջ ներառելով գյուղատնտեսական ու հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք տարածված են այս տարածքում՝ բոքոն, փառնիկ, թափթափա, գարոհաց, քարտիկա, ծակուլիկ և այլն: Նույնիսկ տարիներ առաջ, երբ առաջին անգամ թանգարանը բացվեց պատմաբան, մանկավարժ Պետրոս Նահապետյանի շնորհիվ, նախկին ԽՍՀՄ տարածքում այն իր բնույթով եզակի էր:

«Խորհրդային Միության մեջ Փանիկի թանգարանը միակն է եղել, որ ունեցել է նման ուղղվածություն, մինչ այս 1955 թվականին նմանատիպ թանգարան աշխարհում եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, իսկ արդեն 1967 թվականին Փանիկում բացվեց նման թանգարան, որը գործեց մինչև 1988 թվականը, որից հետո ցուցանմուշները տեղափոխվեցին նախկին դպրոցի շենք, սակայն վթարային կառույցում թանգարանը չգործեց»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատմաբան Գաբրիել Նահապետյանը, ում համար թանգարանը վերաբացելը կրկնակի պատիվ է՝ պապի գործի շարունակություն:

Թանգարանի ցուցանմուշների թիվն արդեն ավելացել է ոչ միայն փանիկցիների նվիրատվությունների, այլ նաև ուրիշ թանգարանների շնորհիվ, սակայն սա էլ դեռ վերջը չէ՝ երիտասարդ պատմաբանը վստահեցնում է՝ արվելու է ամեն ինչ, որպեսզի այս թանգարանը դառնա Փանիկի այցեքարտը:

Թանգարանի վերաբացումն հնարավոր դարձավ միայն 1 տարի առաջ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հատկացված տարածքի շնորհիվ, Գասրատյան ընտանիքի ֆինանսական աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում