«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է շարունակի միավորել հայերին. կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրում մայիսի 25-ին կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահի խոսքով` հոգաբարձուների խորհրդի նիստը հրավիրվել է պատմական օրերին, երբ նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը:

«Ի սրտե շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, այս պատմական իրադարձության առթիվ: Հայաստան համահայկական հիմնադրամն իր առջև դրված խնդիրներ ունի, սակայն կարծում եմ, որ կարևորագույններից մեկը համախմբման առաքելությունն է, որ ավելի քան արդիական է այսօր: Հիմնադրամը պետք է շարունակի միավորել ՀՀ քաղաքացիներին, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին: Այն ծրագրերը, որոնք իրականացվել են, համահայկական ջանքերի արդյունք են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախագահը: Արմեն Սարգսյանի խոսքով, հիմնադրամը պետք է տարեց տարի կատարելագործի մեթոդներն ավելի մեծ արդյունք գրանցելու, հավակնոտ ծրագրեր գործարկելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը: Անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր:

«Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես շատ մեծ էր, որովհետև, կարծում եմ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս և այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել: Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, և մենք ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք: Այդ առաջնահերթություններից կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը»,-ասաց վարչապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2017 թ-ի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և ներդրում ունեն նրա 22 տեղական մարմինները, որոնք ներկայում գործում են աշխարհի 19 երկրում:

Արա Վարդանյանը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է տարբեր երկրներից ժամանած տեղական մարմինների ներկայացուցիչների հետ այցելում են Արցախի և Հայաստանի տարբեր համայնքներ՝ ծանոթանալու հիմնադրամի տարբեր ծրագրերին:

«Կարծում եմ, որ արտահայտում եմ բոլոր տեղական մարմինների կարծիքն առ այն, որ նոր կառավարության հռչակած օրակարգը և դրա հաջող իրագործումը միանշանակ նպաստավոր կլինի Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից Սփյուռքում տարվող աշխատանքներին»,-ասաց Արա Վարդանյանը:

Նրա խոսքով, տարիներ ի վեր խոսվում է այն մասին, որ Սփյուռքն օգտագործվում է որպես դրամահավաքի կազմակերպման միջոց, մինչդեռ Սփյուռքը շատ ավելի մեծ դեր պետք է ունենա Հայաստանի ու Արցախի զարգացման գործում: «Հայաստան համահայկական հիմնադրամը հայը հային օգնելու գործիք է»,-ասաց Արա Վարդանյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց առաջարկություններով հանդես եկան: Մասնավորապես, խորհրդի անդամ Արսեն Ղազարյանն առաջարկեց, որ գործարարները, բիզնես հատվածը ևս մասնակցություն ունենան հիմնադրամի դրամահավաքության գործում:

« Հիմնադրամի աշխատանքներն ապացուցել են, որ ամենավստահելի կառույցներից մեկն է: Ես, որպես հայաստանյան գործարար, թվերը համադրելով, ասում եմ՝ 1000 խոշոր հարկատու ունենք, եթե յուրաքանչյուրը հանգանակություն կատարի, ապա կարծում եմ, որ կունենանք տարեկան 10 մլն դոլար Հայաստանից ներդրում: Առաջարկում եմ, այս քարոզչությունը ճիշտ տանել»,-ասաց Արսեն Ղազարյանը:

Խորհրդի նիստում հնչեցին կարծիքներ, որ Հայաստանի պետական կառույցները, եկեղեցին նույնպես տարվա կտրվածքով ներդրում կատարեն: Առաջարկին արձագանքեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

«Եկեղեցին մշտապես իր աջակցությունն է տրամադրել հիմնադրամին: Դեռևս 92-թվականին, երբ հռչակվեց հիմնադրամի ստեղծումը, եկեղեցու կողմից հորդոր եղավ, որպեսզի ժողովուրդը զորակցություն հայտնի: Այդ օրից եկեղեցին իր սրբազան պարտքը համարեց աջակցելու, զորակցելու հիմնադրամին ոչ միայն կոչերով, այլև ներդրումներ իրականացնելով»,-ասաց վեհափառը: Նա նշեց, որ եկեղեցին շահութաբեր գործունեություն չի իրականացնում, ամբողջ ծախսերը ձևավորվում են նվիրատվություններից: Կաթողիկոսը ճիշտ չի համարում առանձնաբար հանգանակություն իրականացնի, որ այդ հանգանակություններից գոյացած գումարը փոխանցի հիմնադրամին:

«Ամենայն հայոց հայրապետությունը զանազան բարեգործական ծրագրեր է իրականացնում սոցիալական տարբեր ոլորտներում: Որքան հիշում եմ, 25 հազար հայորդիներ օգտվել են նախորդ տարի եկեղեցու կողմից իրականացրած բարեգործական ծրագրերից: Այդ ուղղությամբ գումարը կազմել է 3 մլն դոլար: Մենք այն բարձրաձայնումների ունկնդիր ենք եղել, որ եկեղեցին ներդրումներ կատարի հիմնադրամի հաշվին: Մենք խոսել ենք թեմակալ առաջնորդների հետ, տեղեկացրել այս առաջարկության մասին: Միանշանակ պատասխան է եղել, որ ակտիվորեն մասնակցում են հիմնադրամի գումարների հավաքագրման և բարերարներին խրախուսելու առումով: Բայց եթե նման հարց է հնչում, մենք կարող ենք քննարկել»,-ասաց կաթողիկոսը:

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի կառույց՝ կոչված համախմբելու Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին ու նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կայուն զարգացմանը:

Հայերեն العربية English

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ