Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը
2 րոպեի ընթերցում
![Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/934774.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանա-ադրբեջանական սահմանին կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական դեպքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Դեպքը գրանցվել է Իրան-Ադրբեջան սահմանի Աստանայի մաքսակետում:
Ադրբեջանի մաքսային վարչության աշխատակիցներն առգրավել են 515 կիլոգրամ հերոին:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Ադրբեջան-Թուրքիա-Իրան ուղով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ' «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:
2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից: