«Մի կտոր հաց էլ տան, ուրիշ ոչինչ չունենամ՝ պիտի երգեմ». Հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանը հայրենիքում է

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էլլան (Էլլա Ֆիցջերալդը) Երևանից», «խորհրդային ջազ վոկալի թագուհի» և «ջազի առաջին լեդի». ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը համերգներով վերադարձել է Հայաստան, նախ՝ Գյումրի, հետո՝ Երևան: Առաջին համերգը կլինի մայիսի 25-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկականթատրոնում, մնացածն արդեն Երևանում, մայիսի 26-ին «Մեցցո» ակումբում, մայիսի 27-ին և 30-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Մինչ հայաստանյան համերգները ջազի լեդի Տաթևիկ Հովհաննիսյանը հանդիպեց և զրուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Տաթևիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ուշագրավ դրվագները:

Տաթևիկ Հովհաննիսյանը՝ «Lady jazz»խորագիրը կրող հայաստանյան համերգների մասին

Համերգային ծրագրում, ինչպես միշտ, ջազային երաժշտություն է հնչելու, անշուշտ, նաև մեր հայկական ժողովրդական երգերի մշակումներ: Բավական նոր ծրագիր է. կներկայացվեն բրազիլական երգեր և ամերիկյան ստանդարտներ:

…Մայրիկի մահվանից հետո (Տաթևիկ Հովհաննիսյանի մայրիկն Օֆելյա Համբարձումյանն է-հեղ.) երկար ժամանակ չէի կարողանում երգել: Խոսել չէի կարողանում: Առաջին համերգս է Հայաստանում նրա մահվանից հետո: Հայրենիք վերադառնալուց միշտ դրական զգացողություններ եմ ունենում, կարոտալի, հաճելի, քաղցր: Ի՞նչ ասեմ…իմ հողն է:

«Տաք, ջերմ ժողովուրդ»

Հայ ազգը, (նաև մի քանի այլ ազգեր) «տաք» ազգ է, այդ ջերմության շնորհիվ երաժշտությունն այլ կերպ է ըմբռնում: Հայաստանում ջազային երաժշտության սիրահարներ կան: Այն ժամանակ, երբ ոչ ոք չէր հասկանում, թե ջազն ինչ է, մենք արդեն ունեինք ջազային ունկնդիր: Մշտական ջազային երաժշտության սպասող կա, ընդունող կա, առավել ևս, երբ հայկական երաժշտություն ես ներկայացնում:

Դեռ առաջին ելույթիս ժամանակ, երբ Հայաստանից տեղափոխվել էի ու վերադարձել համերգով, հատուկ հուզմունք կար, թրթիռ, որովհետև ժողովրդական երաժշտությունը բերել ես ու բոլորովին այլ ձևով պետք է ներկայացնես քո հայրենիքում: Այս անգամ այլ է, մարդիկ սիրում են, ճանաչում են, օտարազգիներն են ճանաչում, լսում, սիրում:

… Ինձ համար յուրահատուկ երևույթ է այն, որ օտարազգիները գալիս են հայ երգ սովորելու: Աշակերտներ եմ ունեցել, որ սպասավոր են աշխատել, որպեսզի կարողանան վարձը վճարել, դասերի մասնակցել: Սա ինձ համար աշխարհ արժե:

... Այս տարի չի հաջողվի Արցախ գնալ: Իմ խմբի երաժիշտները հիշում էին նախորդ այցը, տեղանունը մոռացել էին, բայց հիշում էին Արցախի գեղեցկությունը, հյուրընկալությունը: Բայց այս անգամ, ցավոք, չստացվեց…

Հայկական հոգին

Հայ երաժշտության մեջ առաջինն օտարազգիներին գրավում է հոգին: Ես չեմ սիրում հայերին գովել, բայց փաստ է, որ մեր երաժշտությունը յուրահատուկ խորություն ունի:

...Տարիներ առաջ Նյու Յորքում ջազ-ակումբներից մեկում մեկ շաբաթ ամեն օր պետք է ելույթ ունենայի: Հոգնեցուցիչ էր: Օտարազգի սպասավորներ էին աշխատում, սնունդ էին մատուցում: Մտածում էի՝ այս խեղճերի համար տանջանք է երևի, այս ի՞նչ են լսում: Գիտե՞ք, ես միշտ համերգներին ներկայացնում եմ կատարումներս, պատմում, թե ում երգն է, ինչ են լսելու և այլն: Թե որքանը կհիշեն՝ կարևոր չէ: Սպասավորներից մեկը միջանցքում տեսավ ինձ ու հարցրեց. «Նորից երգելո՞ւ եք Կոմիտաս»: Ես քարացա, փշաքաղվեցի: Մտածում էի. «Աստված իմ, այս տղան ոչ միայն երաժշտություն է լսում աշխատանքը կատարելիս, այլև իրեն այնքան է հետաքրքրել, որ Կոմիտասի անունն էլ է հիշել»: Դրանից մեծ պարգև կա՞:

Տաթևիկ Հովհաննիսյաններ առաջիկայում չենք ունենա

Ցավոք, այդպիսի մեկին չեմ տեսնում: Շատ հետաքրքիր աշակերտներ ունեմ, որոնք իրենց ձևով են մոտենում երաժշտությանը: Սովորում են, հետո հանկարծ ամուսնանում, երեխա ունենում, չեն կարողանում ասպարեզ մտնել, թողնում են երգը: Կյանքն ուրիշ բան է պահանջում, կոմերցիան՝ ուրիշ, ընտրում են կոմերցիայի տարբերակը:

Ինձ նմանները շատ քիչ են այս աշխարհում: Մի կտոր հաց էլ տան, ուրիշ ոչինչ չունենամ՝ պիտի երգեմ: Այդպիսի մարդիկ քիչ են: Պետք է այսպես նվիրված լինել գործին: Ինձ գովելու համար չեմ ասում, ինձ էլ է այդ հարցը տանջում, բայց ես այդպիսի մեկին չեմ տեսել, որ ասեմ՝ շատ լավն է:

Մրցույթների, տաղանդների ու անտաղանդների մասին

Ես չեմ սիրում որպես ժյուրիի անդամ հանդես գալ մրցույթներում: Միշտ վատ մարդու կարգավիճակում եմ լինում, քանի որ ճշմարտությունն եմ ասում: Ես նայում եմ բոլոր մրցույթները: Երբեմն այնպես են դատում, ասում են, թե մասնակիցը հրաշալի է երգում, բայց ճշմարտությունը չեն ասում: Շողոքորթությունն ատելի է: Ես նման բաներ չեմ սիրում, և կարող եմ բոլորի թշնամին դառնալ ճշմարտությունն ասելու պատճառով: Երբեմն միացնում եմ American Idol-ն ու The Voice-ը, դիտում: Պետք է ասեմ, որ երբեք չի եղել, որ նա, ում ես ընտրեմ, համարեմ տաղանդավոր, հաղթի մրցույթի վերջում: Վերջում այնպիսի անտաղանդ մեկն է հաղթում, որ ցավում ես ժամանակիդ կորստի համար:

Բնության սիրահարը...

... Երբ գալիս եմ Հայաստան, քաղաքից դուրս եմ գնում: Ես քաղաքային կյանք, աղմուկ-աղաղակ, ռեստորաններ չեմ սիրում, սիրում եմ գյուղացիների հետ շփվել, հատկապես պարտիզպանների հետ խոսել: Բնության գիրկն ամենաքաղցր վայրն է, այն էլ Հայաստանի բնության՝ բույրերով, որոնք չկան ոչ մի այլ տեղ...

Հայրենադարձվելու մասին

Չեմ կարող ասել՝ իմ ծրագրերում նման բան կա՞, թե ոչ: Բայց դեռ ամեն ինչ այնտեղի հետ է կապված: Եթե ամուսնուս հարցնեք՝ հենց հիմա կգանք հետ…

Միշել Լեգրանի հետ համագործակցության մասին

Լեգրանի հետ շատ չհամագործակցեցինք: Լեգրանը երաժշտություն գրեց ինձ համար, որպեսզի ես ֆիլմում երգեմ, բայց դա չիրականացավ: Նրա հետ շփվել եմ, ժամանակ ենք անցկացրել Ջորջ Ավագյանի տանը, լսել է իմ կատարմամբ իր երգերից What are you doing the rest of your life-ը: Շատ ջերմ, բարեկամական, հաճելի տպավորություններ էին:

Հ.Գ.

Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թ., Երևանում: Երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երաժշտական առաջին փորձերը սկսել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ գործում էր նաև երգչախումբ: Դպրոցն ավարտելուց հետո դարձել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, ապա` Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն` որպես խմբավար: 1970-ականներին աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Այդ տարիներին որպես մենակատար մասնակցել է հեղինակավոր միջազգային ջազ-փառատոների: 1979-ից, ինը տարի շարունակ արժանացել է Խորհրդային Միությունում «Ջազի թագուհի» կոչման: 1980-ականներին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, այնուհետև` Ֆրանսիա: 1990 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մեծ հաջողությունների է հասել` հանդես գալով ամերիկյան ջազի հայտնի վարպետների կողքին, ձայնագրելով սկավառակներ ու միաժամանակ դասավանդելով երաժշտություն: Ելույթներ է ունեցել աշխարհի հայտնի միջազգային ջազ փառատոններում: Բնակվում է Նյու Յորքում:

Երգչուհու հայաստանյան համերգները կազմակերպվել են Azd և Prime Production-ների կողմից:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում