Հասարակական

Արմեն Սարգսյանն անձամբ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներին ու անգամ պարեց նրանց հետ

5 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն անձամբ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներին ու անգամ պարեց նրանց հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց: Այն մեկնարկեց Մաշտոցի պուրակից, և մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախաձեռնության անդամների կարծիքով, Հայաստանում հանքարդյունաբերությունն իրականացվում է բազմաթիվ խախտումներով, իր բացասական ազդեցությունն է թողել բնապահպանության և այլ ոլորտների վրա:

Երթի մասնակիցները նշեցին, որ իրենց ակցիան միան Ամուլսարի հանքի դեմ չէ, նրանք այս ակցիայով հասարակության, պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում, ընդհանուր առմամբ, հանքարդյունաբերության խնդիրների վրա: Նրանք նոր փորձաքննությունների պահանջի հարցը բարձրացրեցին: Նախաձեռնությունը կարևորեց անկախ փորձագետներով խմբի ստեղծումը, որը կկատարի անկողմնակալ ուսումնասիրություն, այլ ոչ թե կծառայի այս կամ այն բիզնեսի շահերին:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ երկու ամիս շարունակ նամակի բովանդակության վրա աշխատել են, այն պարունակում է հիմնավոր ապացույցներ՝ կապված Ամուլսարում հանքարդյունաբերության խնդիրների հետ: Նամակն ընդունարանում հանձնելուց հետո րոպեներ անց ակցիայի մասնակիցներին միացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա լսեց ակցիայի մասնակիցներին և առանձնացրեց մի քանի խնդիրներ:

«Եթե դիտարկենք մեր երկրի կարևորագույն խնդիրները, իհարկե, ամեն ինչն էլ կարևոր է, սակայն ինձ համար և՛ որպես քաղաքացի, և՛ որպես նախագահ, 3 շատ կարևոր խնդիր կա: Մեկը մեր երկրի անվտանգությունն է: Անվտանգությունը լայն իմաստով, դա ոչ միայն բանակն է, ոչ միան ռազմարդյունաբերական համալիրն է, այլև արտաքին հարաբերություններ են և այլն: Երկրորդը կրթությունն է, ի վերջո մեր երկրի ապագան կախված է լինելու նոր սերնդի մակարդակից: Եվ խոսքը ոչ միայն գիտական կրթության մասին է, այլև քաղաքացիականը, որը փողոցներում ստացան: Հույս ունեմ, որ էմոցիոնալ պոռթկում չէ և քաղաքացի լինելը կշարունակվի: Հույս ունեմ, որ այս սերունդը քաղաքացի է լինելու ամբողջ կյանքում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահի համար երրորդ կարևոր խնդիրը բնապահպանությունն է, որտեղ բազմաթիվ չկարգավորված հարցեր կան:

«Եթե մեր ամբողջ խնդիրը միայն Ամուլսարը լիներ, ես ուրախ կլինեի, սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են, մեկ հանք չէ, այլ հանքեր կան, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Բնապահպանության ոլորտում ամենակարևոր խնդիրը ջուրն է, որը մեր հարստությունն է և պետք է պահպանել: Օրերս հանդիպեցի Էդուրադո Էռնեկյանի հետ, ով 400 հա տարածքում խաղող է աճեցնում, այնուհետև գինի արտադրում և արտահանում: Մարդն ասում է կարող է տարածքը կրկնապատկել, եթե ջրի հարցը լուծվի, այնինչ՝ ջրի մի զգալի հատվածը խողովակներում կորչում է: Հետևաբար` որևէ խնդիր, որն ազդելու է մեր ջրային բազայի վրա, պետք է շատ ուշադիր զննել: Վստահեցնում եմ, որ Ամուլսարը և մյուս խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,-ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը ակցիայի մասնակիցներին խոստացավ իրենց նամակին շատ արագ պատասխանել:

«Ամուլսարնառանցհանքի» նախաձեռնության անդամների ակցիան ավարտվեց պարով, որին միացավ նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

Մայիսի 22-ին Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբ»-ը, ի պատասխան շահագրգիռ կողմերի պահանջների, ներկայացրեց իր առաջին տարեկան հաշվետվությունը: Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբ»-ը ձևավորվել է 2017 թվականին Ամուլսարի ծրագրի սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման մշտադիտարկման, ծրագիրը ֆինանսավորող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ծրագրի տեղական ու ազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի սկզբունքներին համահունչ գործելու նկատառումներով ընկերության ստանձնած պարտավորությունների իրագործման մասով հաշվետվողականությունն ապահովելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում