Բուհերը պետք է զերծ լինեն քաղաքական որևէ պարտադրանքից. Դավիթ Ափոյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում շատ է քննարկվում բուհերի և ուսանողական խորհուրդների կուսակցականացվածության թեման: Այս հարցի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ:

Մի շարք ուսանողների կողմից իրականացվում է մի նախաձեռնություն, որի նպատակն է բուհերի ղեկավար կազմում կուսակցական անդամների բացառումը: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:

Անկասկած, բուհերը պետք է զերծ լինեն քաղաքական որևէ պարտադրանքից: Հարցն այն է, թե ինչպես ենք մենք դա պատկերացնում: Եթե ցանկանում ենք օրենսդրական լուծում տալ և ամրագրել, որ բուհերի ղեկավար կազմի անդամները չպիտի լինեն որևէ կուսակցության անդամ, արդյո՞ք դա չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, արդյո՞ք խելամիտ է բուհերի ղեկավար կազմի անդամներին հավասարեցնել դատավորների մակարդակին, կամ կուսակցական չլինելու հանգամանքը բացառելու՞ է քաղաքական քարոզչությունը կամ ուղղորդումը: Հարցը շատ բարդ է և մասնագիտական լայն քննարկման կարիք ունի: Իմ կարծիքով քաղաքական քարոզչությունից, պարտադրանքից կամ ուղղորդումից զերծ պահող մեխանիզմների մշակման փորձը կարող է շատ հարցերի պատասխաններ տալ:

Վերջին շրջանում ակտիվացան տարբեր բուհերի ուսանողական խորհրդների կուսակցականացվածության և քաղաքականացվածության շուրջ խոսակցությունները, որից անմասն չմնաց նաև ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Ի վերջը կուսակցականացված կամ քաղաքականացվա՞ծ է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությամբ ամրագրված է, որ ուսանողական խորհուրդը ապակուսակցական և ապաքաղաքական կազմակերպություն է: Ամրագրված է նաև այն, որ ուսանողը, ով ունի որևէ կուսակցական պատկանելիություն, չի կարող նույնիսկ առաջադրվել ԵՊՀ ՈւԽ նախագահի պաշտոնին: Ես կարող եմ փաստել, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի ղեկավար կազմում չկան կուսակցական մարդիկ: Ղեկավար կազմ ասելով նկատի ունեի ինձ, փոխնախագահներին, քարտուղարին, ֆակուլտետային ՈւԽ նախագահներին, հանձնաժողովի նախագահներին և նախագահության մյուս անդամներին:

Իսկ ինչ վերաբերում է ապաքաղաքական լինելուն, ապա բոլորը տեսան, որ ուսանողական խորհուրդը որպես կառույց չմասնակցեց ներքաղաքական գործընթացներին: Դա կառույցի ապաքաղաքական լինելու լավագույն ապացույցն է: Բոլորն էլ կփաստեն, որ ուսանողների նկատմամբ չի եղել որևէ սահմանափում կառույցից դուրս իրենց քաղաքական հայացների համաձայն գործունեություն ծավալելու հարցում: Կան շատ ֆակուլտետային ՈւԽ նախագահներ, հանձնաժողովի նախագահներ, ովքեր ակտիվ մասնակցել են ցույցներին: Դա իրենց քաղաքացիական իրավունքն է, և ոչ ոք չի կարող դա սահամափակել: Կան նաև մարդիկ, ովքեր չեն կիսել այդ տեսակետները, կամ կիսել են, բայց իրենց խառնվածքից ելնելով չեն մասնակցել այդ ամենին: Դա ևս իրենց իրավունքն է: Կարծում եմ քաղաքական պարտադրանքից ազատ ուսանողական միջավայր ենք մենք բոլորս ուզում: Մենք մեր թիմով ենք պատասխանատու այդ միջավայրի պահպանման համար: Դրանից ելնելով ես՝ որպես քաղաքացի, նույնիսկ իմ անձնական տեսակետը չեմ հայտնել, որպեսզի այն չասոցացվի ընդհանուր կառույցի հետ և որևէ ուղղորդող նշանակություն չունենա ուսխորհրդականների համար:

Շարժման ընթացքում եղան նաև մարդիկ, ովքեր ձեզ մեղարդեցին ոստիկանության կողմից ուսանողների նկատմամբ ուժի կիրառմանը չարձագանքելու վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

Մենք պետք է հստակ տարբերակենք, թե որոնք են ուսանողի իրավունքները և շահերը, և որոնք են քաղաքացու իրավունքները: Ուսանողի իրավունքները հստակ են. դրանք սահմանված են ԵՊՀ կանոնադրությամբ: Իսկ ուսանողի շահ կարող ենք դիտարկել այն բոլոր հարցերը, որոնք ուղղակիորեն բխում են մարդու՝ ուսանող կարգավիճակից: Եթե ուսանողին անհարկի պատճառներով թույլ չեն տվել մասնակցել քննություններին, դա ուսանողի շահ է, և մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել: Իսկ եթե Մաշտոցի պողոտայում կամ նույնիսկ ԵՊՀ բակում ոստիկանության կողմից ուսանողի նկատմամբ ուժ է կիրառվել, դա քաղաքացու իրավունքների հարց է անկախ նրանից, թե այդ մարդը սովորում է ԵՊՀ-ում, թե՝ ոչ: Դրա համար գոյություն ունեն այլ մարմիններ՝ Մարդու իրավունքների պաշտպան, դատարան և այլն: Հետևաբար մենք մարդու-քաղաքացու իրավունքների խախտումներով զբաղվելու ոչ լիազորություն ունենք, ոչ էլ գործիքակազմ: Մենք պարտավոր ենք ուսանողի իրավունքները պաշտպանել համալսարանի ղեկավար մարմիններում: Դրա ապացույցն հենց այն է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ մոտ երեք շաբաթ ընդհատված դասապրոցեսից հետո ուսանողը որևէ լուրջ խնդրի առաջ չկանգնի համալսարանում: Մեր առաջարկով հարգելի համարվեցին ուսանողների բացակայությունները, քննաշրջանը հետաձգվեց, իսկ դասերը երկարացվեցին մեկ շաբաթով: Սա այն է, ինչ անվանում են ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանություն:

Նշեցիք, որ պաշտպանում եք ուսանողների շահերը համալսարանում: Հայտնի է, որ ԵՊՀ-ում ցույցերի ժամանակ մի քանի անգամ դռներ են փակվել: Արդյո՞ք դա ուսանողների ազատ տեղաշարժվելու և ակցիաներին մասնակցելու իրավունքի սահմանափակում չէ:

Կարծում եմ ակնհայտ է, որ դռները փակվել են քաղաքական բովանդակության երթի դեմ: Ըստ երևույթին, դա նախ և առաջ արվել է անվտանգության նկատառաումներով, ինչպես նաև բուհը քաղաքական քարոզչությունից զերծ պահելու համար: Տեսե՛ք, շատերը բուհին մեղադրում են քաղաքականացված լինելու մեջ, միևնույն ժամանակ զայրանում են, երբ ԵՊՀ-ում քաղաքական քարոզչության ակցիաների դեմ դռներ են փակվում: Ո՞րն է մեր ուզածը: Մենք ուզում ենք ապաքաղաքակա՞ն բուհ, թե՞ քաղաքականացված, բայց մեր հայացքներին համապատասխան քաղաքականացված: Կարծում եմ սկզբունքը մեկը պիտի լինի:

Բացի դա, մի դեպք դիտարկենք. եթե ուսանողը լսարանում դաս է անում, և միջանցքում քաղաքական բովանդակության կոչեր են արվում, արդյո՞ք դա չի ոտնահարում լսարանում իր դասապրոցեսով հետաքրքրված ուսանողի իրավունքը: Ինչու՞ հարցերին նաև այս տեսանկյունից չենք նայում:

Լսել եմ նաև այնպիսի տեսակետներ, թե դռները փակվում են, որպեսզի ուսանողները չմիանան ակցիաներին: Ես այդ մեկնաբանությունը անտրամաբանական եմ համարում, քանի որ վստահ եմ, որ եթե ուսանողը ցանկանում է միանալ որևէ շարժմանը, ապա դուռը 5-10 րոպե փակելը նրան ոչնչով չի կասեցնի, և դա բոլորն են հասկանում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում