Քաղաքականություն

Խորհրդարանում Արմեն Բաբայանին կարող է փոխարինել Սպարտակ Սեյրանյանը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանում Արմեն Բաբայանին կարող է փոխարինել Սպարտակ Սեյրանյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մանդատը վայր դրած ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանին կարող է փոխարինել կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն՝ Սպարտակ Սեյրանյանը:

Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Վարդանյանին էլ խորհրդարանում կարող է փոխարինել Ռուզաննա Առաքելյանը: «Այսօր լրանում է ժամկետը, երբ Աղվան Վարդանյանը կարող է հետ վերցնել մանդատը վայր դնելու մասին դիմումը: Եթե այսօր դա տեղի չունենա, վաղը կլինի հայտարարություն, որ նրան Ազգային ժողովում կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի թեկնածուն, ով տվյալ դեպքում Ռուզաննա Առաքելյանն է»,- մանրամասնեց Կյուրեղյանը:

Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել բիզնեսով զբաղվելու համար: Աղվան Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, քանի որ դեմ էր գնացել ՀՅԴ որոշմանն ու մայիսի 1-ին չէր մասնակցել վարչապետի ընտրության քվեարկությանը: ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու որոշում ուներ, սակայն Վարդանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ եթե կուսակցությունը պահանջի, պատրաստ կլինի վայր դնել պատգամավորական մանդատը: Աղվան Վարդանյանը հեռացվել է նաև ՀՅԴ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում