Քաղաքականություն

Վիգեն Սարգսյանը խոսել է Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի հնարավոր թեկնածության մասին

2 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանը խոսել է Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի հնարավոր թեկնածության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի համար շատ հարմար կլիներ Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին տեսնելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի Պաշտպանության նախարարի պաշտոնում ՊՆ նախկին փոխնախարար, ներկայում Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հնարավոր թեկնածության մասին:

«Նոր կառավարություն ձևավորելը շատ ծանր պատասխանատվություն է: Կարծում եմ, որ մի քանի օրից, ինչպես Սահմանադրությամբ նախատեսված է, բոլոր թեկնածուների, նախարարների նշանակումների մասին կլսեք: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանին, ապա նրա հետ մենք երկար ճանապարհ ենք անցել, ավելի քան 19 տարի ծանոթ ենք: Նա Պաշտպանության նախարարությունը շատ լավ գիտի, ինքն այստեղ ծառայել է, երկար ճանապարհ է անցել, ունի փորձ, գիտելիքներ: Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին տեսնելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ դեպքում Դավիթ Տոնոյանը նաև համեմատելու հնարավորություն կունենա, կկարողանա լիարժեք գնահատել վերջին մեկ ու կես տարվա արված աշխատանքը, արդյունավետությունը:

«Միևնույն ժամանակ, ես նշել եմ, որ նախարարը դա վարձու աշխատող չէ, անկախ նրանից նախարարը կուսակցական է, թե ոչ, նա քաղաքական թիմի անդամ է: Ճիշտն ասած մի փոքր զարմացած էի Դավիթ Տոնոյանի արձագանքից, որը եղավ Արարատ Միրզոյանի առաջարկից հետո, այնուամենայնիվ, դա նշանակում է՝ լինելով կառավարության կազմում, բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես անձամբ երբեք չեմ արել այդպես, դա համարում եմ ինձ համար տաբու, բայց դա նրա անձնական որոշումն է եղել»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում