Քաղաքականություն

Վարչապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը խոստանում է ապահովել երկրի բնականոն կյանքը բոլոր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Վարչապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը խոստանում է ապահովել երկրի բնականոն կյանքը բոլոր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոստանում է վարչապետի պաշտոնում ընտրվելու պարագայում ապահովել երկրի բնականոն կյանքը բոլոր ոլորտներում: Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հենց այսօր պատրաստվում է լսել զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների զեկույցը երկրի արտաքին և ներքին անվտանգության իրավիճակի վերաբերյալ: «Համոզված եմ, որ վերջին քաղաքական իրադարձությունները ոչ միայն չեն նվազեցրել, այլև ավելացրել են մեր երկրի անվտանգության մակարդակը, մեր բանակի մարտական ոգին: Բայց հասկանալի է, որ կան լրջագույն ջանքեր գործադրելու զինված ուժերի սպառազինության մատակարարումները, բանակի և հատուկ ծառայությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Փաշինյանը հավելեց, որ պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը և ծախսերի իրականացումը պետք է տեղի ունենան բնականոն ռեժիմով: «Ես հայաստանյան փոքր, միջին և խոշոր բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին, բոլոր իրավաբանական անձանց կոչ եմ անում պատշաճ և ժամանակին կատարել բոլոր հարկային պարտավորությունները պետական և հանրային կյանքի բնականոն կազմակերպումը չխաթարելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի թեկնածուն դիմեց ՀԴՄ կիրառող և դրանց ծառայություններից օգտվող քաղաքացիներին՝ կոչ անելով բացառել ՀԴՄ կտրոնները չտրամադրելու դեպքերը: «Քաղաքացիներին էլ կոչ եմ անում խանութներում, սրճարաններում, ՀԴՄ-ում աշխատող բոլոր օբյեկտներում առանց բացառության պահանջել ՀԴՄ կտրոնները: Սա հնարավորություն կտա էականորեն ավելացնել պետական բյուջեի եկամուտները և առավել արդյունավետ դարձնել պետական կառավարումը»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում