Մեկնարկեց ՀՀ վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 100 պատգամավոր:

Փաշինյանն առաջադրվել է պատգամավորների թվի 1/3-ից ավելի՝ 41 ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով):

Ընտրվելու համար Փաշինյանը պետք է 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ստանա առնվազն 53 ձայն: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին, որտեղ, սակայն, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ (45 դեմ և 56 կողմ):

Խորհրդարանական մեծամասնություն (58 պատգամավոր) ունեցող ՀՀԿ-ն մայիսի 1-ի ընտրությունից հետո հայտարարեց, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը Հայաստանը կունենա վարչապետ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երկրում սկսված ակցիաների պատճառով ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հայերեն English Русский

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար . ֆոն դեր Լեյեն

Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր

Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը