Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը կոչ է անում «Ելք» դաշինքում տարաձայնություններ չփնտրել

5 րոպեի ընթերցում

 Էդմոն Մարուքյանը կոչ է անում «Ելք» դաշինքում տարաձայնություններ չփնտրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, որ «Ելք» դաշինքում տարաձայնություններ և հակասություններ չկան: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ «Ելք» դաշինքի ստեղծման օրվանից անընդհատ փորձ է արվում դաշինքում տարաձայնություններ փնտրել. «Դաշինքի ստեղծման օրվանից անընդհատ փորձ է արվում մեր մեջ տարաձայնություն, վեճ փնտրել: Ես երկու օրը մեկ Փաշինյանին տեսնում եմ, մենք տեսնվելուց գրկախառնվում ենք, եթե մենք իրար հետ հարց չունենք, կարծում եմ, որ դուք էլ պետք է չունենաք: Իսկ շարժման ընթացքում մենք արժանապատիվ կերպով պահել ենք այն, ինչը պայմանավորված ենք եղել: Իսկ թե ինչ ենք պայմանավորված եղել, մենք դա գիտենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը սկզբնական փուլում չմիանալու որոշմանը՝ Մարուքյանն ասաց, որ յուրաքանչյուրը իր գաղափարներով է առաջնորդվել: «Դրան գումարած՝ ես կարծում եմ, որ սխալ է ներկայացնել այնպես, որ մենք որևէ մեկին միայնակ ենք թողել: Մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, որոնք պահպանվել են: Առաջինը՝ բռնության կիրառման ռիսկը, եթե լինի, մենք պետք է լինենք նրանց կողքին: Եղել է բռնություն, մենք եղել ենք նրանց կողքին: Դրա շարունակության մեջ բոլոր բերման ենթարկվածներին, կալանավորվածներին այցելել ենք, միջազգային հաստատությունների հետ շատ լուրջ աշխատանք է տարվել այն պահից սկսած, երբ մեր գործընկերները ձերբակալվել էին: Փաշինյանը իմացել է, թե որ պահին ենք մենք լինելու իր կողքին»,- ընդգծեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ի սկզբանե իրենք էլ չեն հավատացել շարժման հաջողությանը՝ հավելելով, որ անգիր իմացել են, թե ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, սակայն չեն իմացել, թե ինչ է անելու իշխանությունը:

Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան Գյումրու Վարդանանց հրապարակից: «Ելք» խմբակցության մյուս քաղաքական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, չէին միացել Փաշինյանի նախաձեռնությանը:

Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևան, նրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղ: Հաջորդ օրերին շարունակվեցին քայլերթերը Երևանում: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը, սակայն, ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օր, փակվեցին մայրաքաղաքի մի շարք մեծ ու փոքր փողոցները, Երևան եկող մայրուղիները, այդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը: Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ: Միաժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին ասաց, որ ժողովրդի թեկնածուն ինքն է, ու մայիսի 3-ին նրա թեկնածությունն առաջադրվեց ԱԺ-ում:

ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում