Քաղաքականություն

«Ելք»-ն ապագա կառավարության կազմի վերաբերյալ առարկայական քննարկումներ կսկսի վարչապետի ընտրությունից հետո

3 րոպեի ընթերցում

 «Ելք»-ն ապագա կառավարության կազմի վերաբերյալ առարկայական քննարկումներ կսկսի վարչապետի ընտրությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանում ապագա կառավարության կազմի հետ կապված առարկայական քննարկումներ կունենա մայիսի 8-ին վարչապետի ընտրությունից հետո: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մենք ապագա կառավարության կազմի հետ կապված որոշակի քննարկումներ խմբակցությունում ունեցել ենք, սակայն ավելի առարկայական քննարկումներ կունենանք ապագայում, երբ տեղի կունենա վարչապետի ընտրությունը, որովհետև հիմա դեռ դրա ժամանակը չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարուքյանը:

Հարցին, ինքն իրեն գործադիրում տեսնո՞ւմ է, Մարուքյանը պատասխանեց. «Անձամբ ես ինձ տեսնում եմ խորհրդարանում»:

Նա նաև նշեց, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, ըստ էության, դառնում է իշխանական խմբակցություն և պետք է դառնա Փաշինյանի կառավարության թիկունքը խորհրդարանում: «Մենք պետք է աշխատենք այն ծրագրերի, փոփոխությունների և ռեֆորմների ուղղությամբ, որը կառավարությունը կբերի խորհրդարան»,- ընդգծեց Մարուքյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կհաստատի նաև Նիկոլ Փաշինյանի ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ եթե ՀՀԿ-ն պիտի չհաստատի Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, նրան վարչապետի պաշտոնում չի էլ ընտրելու., քանի որ դրա իմաստը չկա: «Եթե նրանք չհաստատեն Փաշինյանի ծրագիրը, մենք կրկին խորհրդարանում վարչապետի ընտրության փուլերն ենք անցնելու: Սակայն ո՞րն է դրա իմաստը: Կարծում եմ, որ իմաստ չկա Փաշինյանի ծրագիրը մերժելու մեջ: Ես սա ասում եմ ելնելով քաղաքական իրողությունից»,- ասաց պատգամավորը:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին ԱԺ հատուկ նիստում: «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն հայտարարել է, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին:

Փաշինյանը, սակայն, մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում ձայների 45 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ, չընտրվեց վարչապետ: Վարչապետ ընտրվելու դեպքում Փաշինյանը պետք է տասնհինգօրյա ժամկետում կազմավորի կառավարություն: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում