Քաղաքականություն

Սամվել Ալեքսանյանը վարչապետի պաշտոնում կողմ կքվեարկի «ժողովրդի թեկնածուին»

2 րոպեի ընթերցում

Սամվել Ալեքսանյանը վարչապետի պաշտոնում կողմ կքվեարկի «ժողովրդի թեկնածուին»

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում «ժողովրդի թեկնածուին»: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Ալեքսանյանը: «Ես որոշել եմ քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ալեքսանյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն կո՞ղմ եք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, նա պատասխանեց. «Այսինքն՝ որ ասում եմ՝ ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ինչ է դա նշանակում»: Ալեքսանյանը խուսափեց Նիկոլ Փաշինյանի անունը տալուց:

Իսկ դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում վերացնելու է մենաշնորհները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ճիշտ էլ կանի: Ես մենաշնորհ չունեմ: Ես կողմ եմ, թող վերացնի բոլոր մենաշնորհները»:

Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին: Ազգային ժողովի «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը: Մայիսի 1-ին կայացած քվեարկությանը, սակայն, Ազգային ժողովը 45 կողմ, 56 դեմ ձայներով չկարողացավ ընտրել Փաշինյանին որպես վարչապետ: Նրան անհրաժեշտ է 53 կողմ ձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում