Քաղաքականություն

Դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ շահերի. ռուս քաղաքագետ Մարկեդոնով

6 րոպեի ընթերցում

Դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ շահերի. ռուս քաղաքագետ Մարկեդոնով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները չի կապում մայդանի կամ այլ դեպքի հետ, այլ շեշտադրում է դրանց ներքին հայկական բնույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովն այս մասին խոսեց «Երևան-Մոսկվա» տեսակամուրջի ժամանակ: Նախ նա նշեց, որ առաջիկայում ժամանելու է Երևան՝ արդեն ներսից հետևելու իրադարձություններին ընթացքին:

Նա ներկայացրեց որոշ կարծիքներ, որոնք, ըստ իրեն, կարևոր են ռուսական լսարանի համար: «Հետխորհրդային երկրներում իրականացվող բոլոր զանգվածային ակցիաներն ընդունված է նմանեցնել մայդանին կամ համարել, որ դրանք ուկրաինական իրադարձությունների պատճենն են: Բայց ես դրա հետ բացարձակ համաձայն չեմ, քանի որ առաջին տարին չէ, որ ուսումնասիրում եմ Հայաստանը: Կարող եմ ասել, որ այս երկիրը բողոքի ակցիաների հարուստ փորձ ունի, որը ոչ մի կերպ կապ չունի Կիևի 2014-2015 թթ. իրադարձությունների հետ, և այն ունի իր շարժիչ ուժերն ու նախադրյալները»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հետխորհրդային այն երկրներից է, որը կազմավորվել է բողոքի ակցիաների արդյունքում՝ նկատի ունենալով 1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը: Մարկեդոնովի դիտարկմամբ՝ դրանից հետո յուրաքանչյուր ընտրություն զուգորդվել է բողոքի զանգվածային ակցիաներով:

Ինչ վերաբերում է ներկայիս իրադարձություններին, ապա քաղաքագետը կարծում է, որ դրա համար կային նախադրյալներ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակով բավարարված չլինելը, մենաշնորհների առկայությունը և այլն: Նրա խոսքով՝ հայկական բողոքի ակցիաներին չեն հնչել աշխարհաքաղաքական ուղղության փոփոխության վերաբերյալ լոզունգներ, ընդհակառակը, շեշտադրվել է, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները պահպանվելու են: «Ընդհակառակը՝ բողոքի ակցիաների առաջնորդ Փաշինյանն ասում էր, որ ռուսական վեկտորը մնում է, բայց կան նրբություններ, կան խնդիրներ: Բայց միթե այդ խնդիրները չեն եղել Սարգսյանի կամ Քոչարյանի նախագահության ընթացքում: Եղել են, դաշնակիցների միջև դրանք միշտ էլ առաջանում են, դրանից վախենալ պետք չէ: Դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ շահերի: Շահերը կարող են համընկնել կամ ոչ, կարևորը պետք է կարողանալ դրանք բերել նույն դաշտ և որակապես աշխատել դրանց ուղղությամբ»,-ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը կարևորեց երկկողմ հարաբերություններում կառուցողական մոտեցման պահպանումը, քանի որ դեմքերի շուրջ չեն այդ հարաբերությունները կառուցվում, այլ այս կամ այն քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի շուրջ:

Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան Գյումրու Վարդանանց հրապարակից: Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևան, նրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղ: Հաջորդ օրերին շարունակվեցին քայլերթերը Երևանում: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը:

Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը, սակայն, ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օր, փակվեցին մայրաքաղաքի մի շարք մեծ ու փոքր փողոցները, Երևան եկող մայրուղիները, այդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը:

Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ: Միաժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին ասաց, որ ժողովրդի թեկնածուն ինքն է, ու մայիսի 3-ին նրա թեկնածությունն առաջադրվեց ԱԺ-ում:

ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում