Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն է տեսնում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես որպես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ իրենք տրամադրված են ամբողջությամբ օգտագործել այդ հնարավորությունը:
«Կարծում եմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ դրական էներգիա են կուտակել: Ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որ այդ էներգիան ծառայի ի նպաստ Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և ապագայի: Իհարկե, հասկանալի է, որ այս ընթացքում քաղաքական բավականին բուռն գործընթաց է ծավալվել, դրա կողմերից մեկը եղել ենք մենք, մյուս կողմը՝ ՀՀԿ-ն: Հասկանալի է, որ այս ընթացքում նաև որոշակի լարվածություններ են առաջացել: Սակայն նաև ուրախալի է, որ դա մեզ չի խանգարում, որ կարողանանք այսպիսի աշխատանքային հանդիպումներ ունենալ, փոխադարձաբար ավելի հասկանալի լինել և ներկայացնել միմյանց տեսակետները և ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիները»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է Հայաստանում ընդհանրապես փակել ներքաղաքական թշնամանքի էջը, հաստատել համերաշխության մթնոլորտ՝ հիմնված օրենքի ու իրավունքի վրա: «Հանրապետական խմբակցությունն այսօր, անկախ վերջին շրջանի իրադարձությունների նկատմամբ իր դիրքավորումից, հնարավորություն ունի նպաստելու այդ համերաշխության մթնոլորտի հաստատմանը: Ինչպես արդեն ասել եմ՝ այսպիսի զարգացումը հնարավորություն կտա, որ այս քաղաքական գործընթացի արդյունքում ունենանք ոչ թե հաղթողներ ու պարտվողներ, այլ իսկապես համազգային հաղթանակ, քանի որ կարծում եմ՝ ակնհայտ է, որ այս քաղաքական գործընթացը ներգրավել է ոչ միայն հայաստանցիների, այլև սփյուռքի մեր հայրենակիցների մեծ մասին: Ի վերջո, ամենակարևոր հաղթանակը, որ պետք է տեղի ունենա այս գործընթացի արդյունքում, դա լավատեսության ու ապագայի նկատմամբ վստահության հաղթանակն է»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն:
Նա ընդգծեց, որ կա բացառիկ և լավ հնարավորություն՝ լուծել ներքաղաքական ճգնաժամն ու լուծել դրական ֆոնով, դրական արդյունքով, արձանագրել ժողովրդի հաղթանակը, որը որևէ կերպ չի կարող և չպետք է նշանակի որևէ մեկի պարտություն: