Մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների. Իջևանում կայացավ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ԱԺ Հանրապետական խմբակցության բոլոր պատգամավորների հետ քննարկել ստեղծված իրավիճակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց Իջևանի Ազատամարտիկների հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ: «Մենք պատրաստ ենք հանդիպել բոլորի հետ մեզ համար ընդունելի ձևաչափերով»,- ընդգծեց Փաշինյանը:
«Ես ծնունդով իջևանցի եմ, բայց քաղաքական գործունեության մեջ քաղաքացիության զգացումով, ես իջևանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ նույնքան, որքան եղեգնաձորցի, եղեգնաձորցի եմ նույնքան, որքան գյումրեցի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 29-ից ամբողջ հանրապետությունում կվերսկսվեն գործողությունները: «Մեր պայքարը ոչ բռնի և բաց ձեռքերի պայքար է»,-ասաց Փաշինյանը՝ հորդորելով շարժման մասնակիցներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ մի դեպքում չերթևեկել առանց պետհամարանիշների:
«Բոլոր նրանք, ովքեր կխախտեն այս պայմանները, նրանք մեզ հետ կապ չունեն: Որևէ մեկը չի կարող լկտիությամբ վարկաբեկել շարժումը»,-ասաց նա:
Իջևանում կանգառից հետո Փաշինյանը շարժվեց Վանաձոր, որտեղ ևս հանրահավաք է նախատեսվում: