Քաղաքականություն

Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին

2 րոպեի ընթերցում

Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի է համարում, երբ քաղաքական գործիչը վերջնագրերով է խոսում և փորձում թելադրել իր կամքը: «Ես շատ եմ հարգում մեր բոլոր քաղաքական գործիչների ու լիդերների կարծիքը, բայց երբ խոսում ենք քաղաքական մշակույթի, հանդուրժողականության մասին, պետք է հասկանանք, որ չենք կարող ուլտիմատիվ ասել սա չպիտի լինի, այն պետք է լինի, ո՞վ է դա որոշում: Մի տարբերակ կա որոշելու, դա ընտրությունն է, գուցե նա, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, ժողովրդի մի զանգվածը սիրում է: Եվ հակառակը: Հիմա հակառակ կողմը դուրս գա, ասի՞ այս կուսակցությունը պետք է վերացնենք: Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն, թելադրանքի՞ն: Ընտրություն անենք հասկանանք, մեր զանգվածն ում է ուզում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ հասարակությունում առկա խնդիրները տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ, դրանք առկա են բոլոր ուժերի մոտ, այդ թվում՝ իրենց քաղաքական թիմում: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տալիս շարունակական աշխատանք տանել դրանք շտկելու ուղղությամբ: «Հաջորդ ընտրություններն էլ են թերություններ ունենալու, ոչ թե կանխավ ասում եմ, որ ինչ-որ բաներ արդարացնեմ հետագայում, այլ պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, խնդիրները, որ մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են նաև քաղաքական կուսակցություններ»,-ասաց Կարապետյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վարչապետի ժողովրդական թեկնածուին որոշել Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի կողմից թեկնածուի հնչեցված անվանը տրված արձագանքով: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն առաջարկում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում