Պաշտոնական

Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել և դիմել է ՀՀ նախագահին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել և դիմել է ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ապրիլի 25-ին նախատեսված հանդիպումը Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի չի ունենալու, քանի որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:

Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում