Քաղաքականություն

«Ծառուկյան» խմբակցությունն առաջիկայում կհայտնի դիրքորոշումը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

«Ծառուկյան» խմբակցությունն առաջիկայում կհայտնի դիրքորոշումը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ կգումարի, որի ժամանակ կքննարկեն իշխող քաղաքական ուժի կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուի հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով հարցին` սատարելո՞ւ են վարչապետի պաշտոնում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ ոչ:

Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀԿ-ն միայն ապրիլի 11-ի երեկոյան է հայտարարել, որ վարչապետի պաշտոնում առաջադրելու են կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուստի իրենք խմբակցությունում այդ հարցի շուրջ քննարկում դեռ չեն ունեցել: «Իմ կարծիքով առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կլինի այդ քննարկումը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ խմբակցության նիստ է լինելու: Կքննարկենք վարչապետի թեկնածության հարցը, մեր որոշումը կկայացվի, և մեր քվեարկությունը դուք կտեսնեք»,- ասաց Տոնոյանը:

Ապրիլի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ կուսակցության խորհրդի շաբաթ օրը կայանալիք նիստի ընթացքում խորհրդին կառաջարկեն վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Շարմազանովը վստահեցրեց, որ, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունից բացի, որևէ այլ թեկնածություն չի քննարկվել:

Ապրիլի 9-ին Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի, նույն օրը երդվել և պաշտոնն ստանձնել է երկրի նոր նախագահը, հրաժարական է տվել կառավարությունը, սակայն վարչապետն ու բոլոր նախարարները կշարունակեն պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի ընտրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում