Ցույց, խաչքարի տեղադրում. Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 17-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 17-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, ապրիլի 17-ին խորհրդարանին հարակից հրապարակում կանցկացվի ցույց` Նիդերլանդների կառավարության դեմ:

«Ինչպես գիտեք, Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երկու անգամ համապատասխան փաստաթուղթ է ընդունվել (2004թ. և 2018թ.- հեղ.), սակայն կառավարությունը շարունակում է այդ թեմայի մասին խոսելիս այլ ձևակերպումներ տալ` ասելով «Հայոց ցեղասպանության հարցը»: Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեցություն չթողեց կառավարության բառամթերքի վրա: Մեզ համար կարևոր է, որ կառավարությունն իր ելույթներում ճիշտ ձևակերպումներ տա, այլ ոչ թե ամեն անգամ ինչ-որ նոր բաներ հնարի: Նախատեսում ենք հանրագիր ներկայացնել կառավարությանը»,-ասաց Մաթո Հախվերդյանը: Մեր այն դիտարկմանը, որ խորհրդարանի կողմից վերջերս ընդունված փաստաթղթի համաձայն՝ կառավարության ներկայացուցիչը 5 տարին մեկ պետք է գա Հայաստան և հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, Մաթո Հախվերդյանը նշեց, որ այդ փաստաթղթի ընդունելուց հետո այս տարի առաջին անգամ պետք է կառավարության ներկայացուցիչը գա Հայաստան:

«Մինչ այժմ բազմաթիվ հարցադրումներ են հնչել մեր կողմից, սակայն դեռ անուն չի հնչեցվել: Վերջնական պատասխան դեռ չունենք: Հավանական է, որ մինչև ապրիլի 24-ը չկարողանան այդպես էլ որոշել»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 21-ին բացվելու է նոր խաչքար և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Այն տեղադրվելու է Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցու տարածքում` դեպի փողոց բացվող հատվածում: Ներկա են լինելու քաղաքական, հասարակական գործիչներ:

Ապրիլի 24-ին նախատեսված է ոգեկոչման արարողություն խաչքարի մոտ, լինելու են ելույթներ:

Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառում է տեղի ունենալու նաև Ասեն քաղաքի Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ, որտեղ ինչպես ամեն տարի, ելույթ կունենան քաղաքական և հասարակական ականավոր գործիչներ, կլինի գեղարվեստական ծրագիր: Նույն օրը երեկոյան, Ալմելո քաղաքի Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ կկատարվի հոգեհանգստյան արարողություն։ Ապրիլի 17-ի ցույցը և ապրիլի 24-ի Ասենում կայանալիք ոգեկոչման միջոցառումը կազմակերպել են «Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները», իսկ Ամստերդամի և Ալմելոյի միջոցառումները կազմակերպել են տեղական հայկական կառույցները:

Հայերեն العربية English Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA