Քաղաքականություն

Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, նախարարի հայտարարությունում նշված է․

«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։

Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայներիբացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Բանաձևերի քվեարկություններին կողմ հանդես եկան գրեթե բոլոր խմբակցությունները. դեմ քվեարկեց միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը, որի երեք անդամներն էլ ազգությամբ թուրք են: Բանաձևերն ընդունվեցին 142 կողմ ձայներով»,- ասաց Հախվերդյանը:

Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակովհինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում