Հայաստանի էներգետիկայի տասնամյակի թռիչքը շարունակվում է. ՖԻԼՄ

9 րոպեի ընթերցում

Հայաստանի էներգետիկայի տասնամյա շարունակվող թռիչքը. ՖԻԼՄ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 տարում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 27 տոկոսով՝ 6 մլրդ կՎտ/ժ-ից հասնելով 8 մլրդ կՎտ/ժ-ի: Միևնույն ժամանակ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Վրաստան և Իրան ավելացել է 196 տոկոսով: Մասնավորապես, 2010-17թթ-ի ընթացքում Իրանի հետ կնքված գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի Հայաստանում արտադրվել և Իրան է արտահանվել 10 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը գործընթաց է, որն իրականացվում է տևական ժամանակահատվածում և փոխկապակցված սկզբունքով: Գործընթաց, որը նկատելի հաջողությամբ իրականացվել է վերջին տասնամյակում, և որն իր արդյունքը ցույց է տվել արտադրված և արտահանված էլեկտրաէներգիայի ծավալների աճի տեսքով:

2010թ-ին շահագործման է հանձնվել համակցված շոգեգազային ցիկլով գործող Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը, որի դրվածքային հզորությունը 240 ՄՎտ է, իսկ ՕԳԳ-ն՝ 49 տոկոս։ 2008թ-ին սկսվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման աշխատանքները, որի ընդհանուր թողունակությունն ավելի քան 1000 ՄՎտ է:

Տասը տարվա ընթացքում Հայաստանում կառուցվել է 114 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը 200 ՄՎտ է: Դրա արդյունքում 2018թ-ի սկզբին Հայաստանում գործում է 184 փոքր ՀԷԿ: Ամենաթարմ օրինակներից մեկը ՀՀ կառավարության, «Դեբետ Հիդրոյի» և ամերիկյան «Ռոբինս» ընկերության միջև կնքված Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման մասին շրջանակային համաձայնագիրն է:

Այս ընթացքում նոր շնչառություն է տրվել Հայաստանի էներգետիկ անվտանգության հսկային: Ատոմակայանում այլևս չեն սահմանափակվում ամենամյա պրոֆիլակտիկայով: 2016թ-ին սկսվել է գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աննախադեպ ծրագիրը: Արդյունքում 2019թ-ին ատոմակայանի արտադրական հզորությունը կավելանա 10 տոկոսով, իսկ շահագործման ժամկետը կերկարաձգվի առնվազն տասը տարով: Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքները ներկայացնելիս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հետագայում նաև իրականացվելու են նոր միջուկային բլոկների փուլային ներդրում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ 2017թ-ից ջերմոցային և վերամշակող կազմակերպությունների համար գազի խթանիչ սակագներ են սահմանվել, իսկ անապահով ընտանիքները սկսել են օգտվել գազի և էլեկտրաէներգիայի նվազեցված սակագներից: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիան 10 տարում աճել է մոտ 23 տոկոսով:

Շարունակվում են բաշխիչ ցանցերի արդիականացմանն ուղղված ծրագրերը։ Մասնավորապես՝ առաջիկա 10 տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շուրջ 1 մլրդ դոլար կուղղի երկրի բաշխիչ ցանցերի արդիականացմանը, ենթակայանների էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման «ԱՍՔՈւԷ» համակարգի ընդլայնմանը: Ծրագրի արդյունքում՝ 2028թ-ին Հայաստանը կունենա եվրոպական չափանիշներին համապատասխան ոչ ավելի, քան 6.4 տոկոս կորուստների մակարդակ:

Հանրապետության նախագահի՝ Ֆրանսիա այցի արդյունքներով 2017թ-ի հունիսի 5-ին ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է գերազանցության կենտրոնը, որտեղ ուսանողները կարող են, օրինակ, ռեակտորը զրոյական նիշից փորձել գործարկել, ինչն իրական ժամանակով մոտ երկու օր է տևում: Այստեղ տեղակայվելու է նաև ինովացիոն կենտրոնը, որի լաբորատորիայում տեղակայվելու են բարձրավոլտ սարքավորումների մոդուլային բջիջներ, «ԱՍՔՈւԷ» համակարգի ստենդներն ու Հայաստանում վերջինիս կառուցվածքային սխեման: Ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կրթաթոշակներ տրամադրել կենտրոնի ուսանողներին, յուրաքանչյուրին տարեկան 6 հազար դոլարին համարժեք դրամի չափով:

Մշտական ուշադրության կենտրոնում են նաև էներգետիկ բալանսին վերաբերող խնդիրները։ Այս առումով Հայաստանը որդեգրում է բոլորովին նոր՝ «սմարթ» մոտեցում, որը 2008-2018թթ-ին պետական էներգետիկ քաղաքականության առանցքն է, արդյունքը՝ դիվերսիֆիկացիայի էական աճ. վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը ներքին սպառման կառուցվածքում 20-ից հասել է 42.5 տոկոսի: 2017թ-ին շահագործման է հանձնվել արդյունաբերական մասշտաբի 4 արևային էլեկտրակայան: Հայաստանում միանգամից մի քանի ընկերություն սկսել են արևային վահանակներ արտադրել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ. «Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը»։

2017թ-ին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Գլոբա Էս ԷԼ» ընկերության միջև ստորագրվել է Հայաստանում 100-150 ՄՎտ հզորությամբ քամու էլեկտրակայաններ հիմնելու մասին հուշագիր: Արդեն իսկ տեղակայվել են քամու ներուժի մոնիթորինգային ենթակայաններ: Կառավարությունն աջակցում է նմանատիպ ծրագրեր իրականացնող «Էմիրաթյան» ընկերությանը: 2012թ-ից մեկնարկել է էներգախնայողության ծրագիրը: Արդյունավետությունը փորձարկված է 160 շենքի և արտաքին լուսավորության 9 համակարգի վրա:

10 տարվա ընթացքում իրականացված և իրականացվող մոտ 2 մլրդ դոլարի ներդրումներով լրջագույն ներարկումներ են իրականացվել էներգետիկ առաջնագծի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Հայաստանի էներգետիկ կշիռը տարածաշրջանում բարձրացրած այդ ներդրումների թվում են.

2009թ. – Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ավարտ՝ 135 մլն դոլար,

2008-10թթ – 110 ԿՎ 17 ենթակայանի վերանորոգում՝ 40 մլն դոլար,

2007-10թթ – SCADA կապի համակարգի առաջին փուլի ներդրում՝ 17.5 մլն դոլար,

2007-10թթ – Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցում՝ 260 մլն դոլար,

2012թ – Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտ և արդիականացում՝ 465 մլն դոլար,

2009-14թթ – «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում՝ 14.6 մլն եվրո,

2013-16թթ – Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցում՝ 2 մլն դոլար,

2013-17թթ – «Հրազդան-Շինուհայր» էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում՝ 28.4մլն դոլար,

2016-18թթ – «Նոյեմբերյան և Լալվար» էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում՝ 5.2 մլն դոլար,

2016-18թթ – «Հաղթանակ», «Աշնակ» և «Երևան» ՋԷԿ-ի, «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցում՝ 48 մլն դոլար,

2016-18թթ – «Ագարակ և Շինուհայր» ենթակայանների վերակառուցում՝ 15.9 մլն դոլար,

2017-19թթ – «SCADA» կապի համակարգի ընդլայնում և պահուստային կարգավորական կառավարման կենտրոնի կառուցում՝ 12 մլն դոլար:

2015-19թթ – Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում՝ 107.9 մլն եվրո,

2018-20թթ – Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի փոխակերպիչ կայանի ու ենթակայանների կառուցում՝ 180 մլն եվրո,

2015-19թթ – ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում՝ 300 մլն դոլար:

10 տարում 2 մլրդ 100 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրերի մի մասը դեռ ընթացքի մեջ է: Ընտրված է գործընկերների լայն շրջանակ՝ Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Իրանից մինչև Եվրամիություն:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում