Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել են  համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել են  համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ ապրիլի 6-ին տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային 40 հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված գումարից համայնքների ներդրումը կազմում է 791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը պետական աջակցությունն է: Հայտերը վերաբերում են համայնքային նշանակության ծրագրերի, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել փողոցային լուսավորություն, կոյուղագծերի կառուցում, փողոցների ու ճանապարհների բարեկարգում ու հիմնանորոգում, մանկական այգու ստեղծում ու համայնքային պուրակների կառուցապատում, մանկապարտեզների վերանորոգում, ջրագծերի կառուցում և այլն:

Դավիթ Լոքյանի ներկայացմամբ՝ բոլոր ծրագրերը մանրամասն քննարկվել են շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրերի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնվեն գերատեսչությունների առաջարկությունները, որպեսզի ձևավորվեն իրատեսական ծրագրեր: Նա նաև հորդորել է խրախուսել ու ամենայն աջակցություն ցուցաբերել արդյունավետ աշխատող և իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող համայնքապետներին:

Քննարկումների ընթացքում որոշվել է վերոնշյալ 40 ծրագրային հայտից 3-ին առայժմ հավանություն չտալ՝ համայնքների կողմից համաֆինանսավորման ոչ բավարար ծավալի պատճառով, որպեսզի վերջիններս կարողանան սահմանված ծավալով կատարել համաֆինանսավորման իրենց պարտավորությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում