«Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագծի մրցանակները գտան իրենց տերերին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագիծն ապրիլի 3-ին «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանի դահլիճում ամփոփեց 2016-2017 թվականների ամենապահանջված գրքերի մրցանակաբաշխության արդյունքները:

«Երբ ստեղծվեց նախագիծը, մեր գաղտնի երազանքն էր, որ այն օգնի թե՛ ընթերցողին, թե՛ հրատարակչին, թե՛ գրողին, քանի որ, մեր համոզմամբ, այսօր և միշտ լրատվամիջոցները պետք է լինեն գրականության, գրքի կողքին. գիրքը մշտական հոգածության, խնամքի և ուշադրության կարիք ունի»,- նշեց «Արմենպրես»պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Նա նախագիծը մեթոդաբանական առումով բարելավելու հույս հայտնեց: «Այժմ հրատարակիչների և գրավաճառ ընկերությունների հետ քննարկում ենք այդ հարցը, որ առաջիկա տարիներին կարողանանք ավելի կանխատեսելի, հետաքրքրական մեթոդաբանությամբ տարածել լավ գիրքը և ընթերցողին հետ բերել դեպի գիրք»,-ընդգծեց Անանյանը:

«Ամենաշատ վաճառված ստեղծագործությունների հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ երիտասարդ գրող և լուսանկարիչ Էդգար Հարությունյանը «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» և «Չգտնված երիցուկներ» գրքերի համար («Անտարես» հրատարակչություն):

«Ես չեմ թաքցնում, որ իմ գրքերի վաճառքի հաջողությունն ի սկզբանե կախված է եղել այն հանգամանքից, որ ես լուսանկարիչ եմ և մեծ թվով հետևորդներ ունեմ: Նրանց, ովքեր շահարկում են այդ փաստը, միշտ ասում եմ, որ եթե ես լվացքի փոշի արտադրեի, հազիվ թե այն նույն հաջողությամբ սպառվեր: Կարծում եմ` գրել եմ այնպիսի գրքեր, որոնցում նկարագրված իրավիճակները հարազատ են երիտասարդ աղջիկներին»,-խոստովանեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ իր գրքերն ինչ-որ չափով նաև ուսուցողական են, և մարդիկ կարողանում են դրանցից որոշ դասեր քաղել: Գրողն այդ ամենն ասում է` հիմնվելով իր ստացած հազարավոր նամակների վրա:

«Ամենապահանջված թարգմանություն» ճանաչվեց Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»: Ստեղծագործության հայերեն թարգմանության համար մրցանակը հանձնվեց գրքի թարգմանիչ Ռուզան Ազիզյանին(«Վերնատուն» հրատարակչություն):

«Մանկական բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում ամենապահանջված մանկական ստեղծագործությունների հրատարակության համար մրցանակի արժանացավ ՝ «Բուկինիստ» հրատարակչությունը:

«Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակ» հանձնվեց Մհեր Իսրայելյանին «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» գրքի համար («Անտարես» հրատարակչություն):

Իսրայելյանի խոսքով` բավականին ուշ է սկսել գրել: «Մարդիկ հավանում են իմ պատմվածքները: Գրելիս ցանկանում եմ իմ հույզերը, ապրումները թղթին հանձնել` դրանք դարձնելով ընթերցասերների սեփականությունը»,-ասաց գրողը:

«Նորամուտ» հատուկ մրցանակ»-ը հանձնվեց Նարեկ Գալստյանին «Ախպարները» գրքի համար («Անտարես» հրատարակչություն):

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր», «Վիլ-Էվրար» ստեղծագործությունների համար «Օտարագիր հայ հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մարկ Արենը(«Բուկինիստ» հրատարակչություն):

«Ռետրոսպեկտիվ» հատուկ մրցանակ հանձնվեց «Դարակ» հրատարակչությանը Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գրքի համար:

«Բեսթսելերների հրատարակիչ» ամենապահանջված գրքերի հրատարակության համար մրցանակի արժանացավ «Անտարես» հրատարակչությունը:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասաց. «Երբ գալիս ես մրցանակաբաշխության, և սիրտդ չի տրոփում «Բեսթսելերի հրատարակիչ» անվանակարգը հայտարարելիս, ուրեմն մի բան այն չէ»: Նրա խոսքով՝ վերջին տարիներին մի շարք հրատարակչությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ լույս են տեսնում լավագույն գրքեր, և շահում է ընթերցողը, գրքի որակը: «Այս հարցում նախակարապետներից մեկը «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագիծն է, ինչը բարձրացնում է մրցակցության ոգին»,-եզրափակեց խմբագիրը:

«Ժյուրիի հատուկ մրցանակ»տրվեց «Զանգակ» հրատարակչությանը Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» գրքի համար:

«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը նշեց, որ մրցանակաբաշխությունները կարևոր են, և ինքն ուրախ է, որ «Արմենպրես»-ը կազմակերպում է այդ միջոցառումը, քանի որ գնահատվում են հրատարակիչը, գիրքը, և ընթերցողը ևս մեկ անգամ ծանոթանում է հրատարակչությունների կատարած աշխատանքին, նոր ստեղծագործություններին: «Լավ կլինի, որ նման մրցանակաբաշխությունները շատ լինեն: Դրանք խթանում են մեր աշխատանքը»,-շեշտեց Մեսրոպյանը և շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին միջոցառման իրականացման համար:

Պատվոգրեր տրվեցին նախագծի աջակիցներ «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ընկերությանը, «ՀԱՅ ԳԻՐՔ», «ԶԱՆԳԱԿ», «ԲՈՒԿԻՆԻՍՏ» գրախանութների ցանցերին, «ԱՐԱՐԱՏ» և «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» հեռուստաընկերություններին:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն