Մարզային

Գյումրիում Սուրբ Զատիկը նշվեց համաքաղաքային տոնախմբությամբ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում Սուրբ Զատիկը նշվեց համաքաղաքային տոնախմբությամբ

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոսի հրաշափառ հարության տոնը Գյումրիում նշվեց համաքաղաքային տոնախմբությամբ: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում ապրիլի 1-ին անցկացվեց Սուրբ Զատիկի տոնին նվիրված տոնախմբության: Միջոցառման շրջանակներում քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունները, կրթական հաստատությունները, հասարակական կազմակերպություններն ու անհատ վարպետները հանրության էին ներկայացրել ձեռքի աշխատանքներ, զատկական պարագաներ, ձևավորված հավկիթներ, ակլադիսներ, խաղալիքներ և այլն: Ցուցահանդես-վաճառքի էր ներկայացված նաև զատկական քաղցրավենիք:

«Քաղաքապետարանը, նպատակ ունենալով վերականգնել ավանդական զատկական ավանդույթները, առաջին տարին չէ, որ անցկացնում է նմանատիպ համաքաղաքային միջոցառում, բայց այս տարի էլ ավելի մեծ է մասնակիցների թիվը: Սա ոչ միայն քաղաք այցելած հյուրերի, այլ նաև գյումրեցիների համար է շատ հետաքրքիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը:

Տոնախմբությանը ելույթ ունեցան տարբեր պարային համույթներ: Տարածքում անցկացվեցին նաև հոլի ու ավանդական կոխի, ինչպես նաև նկարչական մրցումներ, իսկ փոքրիկներին զվարճացնում էին Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տիկնիկները: Իրենց հմտությունները ցուցաբերեցին նաև Գյումրու ավիամոդելիստների խմբակի սաները։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում