ԵՐԵՎԱՆ,30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանցի շատ արվեստագետներ կմասնակցեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում:
«Տասը օր առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ է տալիս Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է ծրագրի մշակութային բաղադրիչին: Հպարտ եմ, որ Հայաստանը կատարեց այդ գործը: Ծրագիրը նոր դռներ կբացի և հայաստանցի արվեստագետներին թույլ կտա մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր մշակութային ծրագրերի»,- ասաց Սվիտալսկին:
Կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն մարտի 20-ին Բրյուսելում ստորագրել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
Եվրոպական հանձնաժողովի այդ ծրագիրը նպաստում է մշակութային բազմազանությանը եւ ստեղծարար ոլորտների մրցունակության բարձրացմանը: Հայաստանը միացել է ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին: