Հասարակական

Ավագ երեքշաբթի. նմանվեք իմաստուն կույսերին

2 րոպեի ընթերցում

Ավագ երեքշաբթի. նմանվեք իմաստուն կույսերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ երեքշաբթին տասը կույսերի հիշատակության օրն է, որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

Տասը կույսերի առակը հինգ իմաստուն և 5 հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու: 5 իմաստունները լապտերների հետ պահեստի ձեթ վերցրին, իսկ հիմարները` ոչ: Երբ փեսային դիմավորելու ժամանակն եկավ, լապտերների ձեթը վերջացել էր, և նրանք, ովքեր ձեթ չէին վերցրել իրենց հետ, վերադարձան ձեթ գնելու: Այդ ժամանակ փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան:

Տասը կույսերը խորհրդանշում են բոլոր հավատացյալներին, որոնց մեջ կան և’ չար ու անիրավ, և’ բարի ու արդար մարդիկ: Իմաստունները նրանք են, ովքեր իրենց աստվածահաճո կյանքով հասնում են աստծո ողորմածությանը: Հիմարները ձգտում են մարմնավորի ու զրկվում հոգևորից:

Լապտերն ու յուղը նույնպես խորհուրդ ունեն. լապտերը ճանապարհն է ցույց տալիս, իսկ կուսությունը` Երկնքի արքայության ճանապարհը: Յուղը խորհրդանշում է ողորմությունն ու մարդասիրությունը: Հիմարները վերցրին լապտերները առանց ձեթի, ինչը խորհրդանշում է առանց բարի գործերի մարդու մարմինը: Իսկ իմաստունների արարքը` մարմնականի և հոգևորի միասնությունը:

Փեսան խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, իսկ փեսայի գալը` Տիրոջ Երկրորդ Գալուստը, որի ժամանակը ոչ ոք չգիտի: «Այն ժամանակ Երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի» (Մատթ. 25-1), ուստի պետք է միշտ պատրաստ լինել Նրա գալստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում