Ծաղկաշենում պետական միջոցներով կկառուցվի մանկապարտեզ
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում այս տարվա ընթացքում պետական միջոցներով կկառուցվի մանկապարտեզի շենք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծաղկաշենի գյուղապետ Գրիշա Կարապետյանը, Ծաղկաշենում երբեւէ մանկապարտեզ չի եղել: Այդ խնդիրը լուծելու համար համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ստացել դրական պատասխան:
«Քաղաքաշինության նախարարության պատվերով արդեն պատրաստ է երկհարկանի, 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքի նախագիծ-նախահաշիվը: 260 միլիոն դրամ արժեցող ծրագրի հաստատումից հետո, շինաշխատանքները մեկնարկելու են այս տարվանից: Հանրապետության նախագահի շնորհիվ էր նաեւ, որ վերջին տարիներին «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով մեր համայնքն ունեցավ ժամանակակից չափորոշիչներով դպրոց»,-ներկայացրեց Գրիշա Կարապետյանը: Բացի մանկապարտեզի շինարարությունը, Ծաղկաշենում տեղական կամ այլ միջոցների հաշվին կիրականացվեն կենսական նշանակության այլ ծրագրեր:
Ծաղկաշենում խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը լուծելու համար համայնքի ղեկավարը դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ջրային պետական կոմիտեի նախաձեռնությամբ եւ գերմանական կազմակերպության միջոցներով առաջիկայում այստեղ կիրականացվեն խոշորածավալ աշխատանքներ: Կհիմնանորոգվի խմելու ջրատարի ներքին ցանցը՝ 4500 մետր երկարությամբ , կկառուցվի օրվա կարգավորիչ ջրամբար, աղբյուրակապեր, մատակարարման կետերում կտեղադրվեն ջրաչափեր: Ծաղկաշենում լուծում է ստանում մեկ այլ կարեւոր խնդիր՝ աղբահանության կազմակերպումը:
Համայնքի աղբահեռացման գործընթացը նախատեսվում է այս տարվանից հանձնել «Գավառ քաղաքային համայնքի Կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ին: Այս նախաձեռնությունը իրականություն դառնալուն պես, համայնքում կտեղադրվեն աղբարկղեր, իսկ յուրաքանչյուր շնչից կգանձվի ամսական 100 դրամ: «Անմխիթար վիճակում է գտնվում նաեւ համայնքի մշակույթի տունը: Նախատեսվում է այստեղ է տեղական միջոցներով կատարել բարեկարգման աշխատանքներ:
Իսկ ահա Ծաղկաշենի 9-11-րդ դարերից մեզ հասած եկեղեցու որոշ հատվածներ հայտնվել են փլուզման վտանգի առաջ: Մենք հիմա ջանքեր ենք ներդնում՝ նախ վերանորոգման թույլտվություն ստանալու, ապա նաեւ համապատասխան միջոցներ գտնելու համար: Հեշտ չէ բոլոր խնդիրները միանգամից կարգավորել, բայց ցանկության եւ աշխատասիրության դեպքում մենք հաջողություններ անպայման կունենանք»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան