Հայաստանը կներդնի բիզնես ռեգիստր, ՓԲԸ-ները կգրանցվեն րոպեների ընթացքում. Գարուշ Դավթյանի հարցազրույցը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը նախատեսում է առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջությամբ անցում կատարել գրանցումների էլեկտրոնային համակարգի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանը՝ ներկայացնելով 2017 թվականի աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

-Պարոն Դավթյան, 2017 թվականն ինչպիսի՞ տարի էր ձեր համակարգի համար: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:

-2017 թվականն աշխատանքային ծավալների առումով նախադեպը չունեցող տարի էր: Նախորդ տարին ինտենսիվ փոփոխությունների համար հիմքեր ստեղծելու ժամանակաշրջան էր: Այդ համատեքստում լայնածավալ աշխատանք է կատարվել մի քանի ուղղություններով: Մշակվել է գրանցման գործընթացը կարգավորող մի շարք օրենքների նախագծերի փաթեթ և դրվել շրջանառության մեջ: Այդ փաթեթը հիմքեր է նախատեսում, որ առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջովին անցնենք էլեկտրոնային գրանցման համակարգի: Դա կօգնի, որ քաղաքացիները փաստաթղթերով էլ չդիմեն պետական ռեգիստր: Այս գործընթացը մենք նախատեսում ենք իրականացնել փուլ առ փուլ: Այս փոփոխություններով իրավական հիմք ենք ստեղծում նաև ապագայում ձևավորվելիք բիզնես ռեգիստրի համար: Բիզնես ռեգիստրն, ի թիվս այլ հնարավորությունների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց հնարավորություն կտա բիզնեսին վերաբերող և պետական մարմինների կողմից տիրապետվող տեղեկատվությունը ստանալ մեկ մարմնից, տվյալ դեպքում պետական ռեգիստրից և այդ տեղեկատվությունը ստանալու համար չդիմել տարբեր պետական մարմիններ:

Շրջանառության մեջ ենք դրել նաև օրենքների նախագծերի մեկ այլ փաթեթ, որը վերաբերում է հրապարակային ծանուցումներին: Առաջարկվում է հնարավորություն ստեղծել ծանուցումների տեղեկատվությունը կենտրոնացված ձևով ստանալու համար: Ինչպես գիտենք, հրապարակային ծանուցումը ներկայում իրականացվում է զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ մամուլով կամ azdarar.am-ով: Մի դեպքում տեղեկատվությունը հրապարակում են azdarar.am-ում, մյուս դեպքում՝ մի լրատվամիջոցում, հաջորդ անգամ բոլորովին այլ լրատվամիջոցում: Ստացվում է, որ քաղաքացին նույն ընկերության ծանուցումների մասով ամբողջական տեղեկատվություն չի ստանում: Հիմա փորձում ենք այդ ծանուցումները կենտրոնացնել մեկ տեղում, իհարկե, միաժամանակ չսահմանափակելով մամուլում, այլ լրատվամիջոցներում ծանուցումներ հրապարակելու իրավունքը: Բացի այդ, մշակել ենք մի շարք իրավական ակտերի նախագծեր՝ ապահովված իրավունքների ինստիտուտի զարգացման և ամբողջականությունն ապահովելու համար: Նշեմ, որ բացի իրավաբանական անձանց պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթներից, պետական ռեգիստրի գործառույթներից է ապահովված իրավունքների գրանցամատյանի վարումը, որն ամբողջովին էլեկտրոնային է:

-Դուք նշեցիք՝ նախատեսում եք քայլեր ձեռնարկել, որ առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջովին անցում կատարեք էլեկտրոնային գրանցման համակարգի: Կնշե՞ք, թե այս փուլում ո՞ր ծառայություններն են էլեկտրոնային, ո՞ր ուղղություններով է քաղաքացու համար հեշտացվել գործընթացը:

-Նախ ներկայացնեմ իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալներն առ ցանց փոփոխելու հնարավորությունը: Եթե իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալները փոփոխվել են, ապա շատ դեպքերում բանկերը, այլ կազմակերպություններ գործարք կատարելիս փորձում են ստուգել այդ տվյալները: Եթե տվյալները չեն համապատասխանում, ապա այդ անձը պետք է գա պետական ռեգիստր և փոփոխի դրանք: Հիմա հնարավորություն է ստեղծվել, որ եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա առցանց տարբերակով կարող է այդ տվյալները փոփոխել:

Մյուս կարևոր քայլը, որ կատարել ենք, վերաբերում է իրավաբանական անձանց գրանցման հետ կապված բոլոր փաստաթղթերի հնարավոր տարբերակները կայքում ներկայացնելուն: Քաղաքացին կարող է օգտվել այդ օրինակելի ձևերից և առանց հավելյալ ռեսուրս ծախսելու իր գործերը կարգավորել:

-Քանի որ արդեն մի քանի տարի է՝ կա հնարավորություն էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում ընկերությունը հաշված րոպեների ընթացքում առցանց գրանցել, ասացեք խնդրեմ, տարեկան միջինը քանի՞ ընկերություն եք գրանցում և դրանցից քանի՞սն է առցանց ծառայություններից օգտվել:

- 2017 թվականին գրանցել ենք 4 հազար 443 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Էլեկտրոնային ձևով գրանցելու տարբերակն առայժմ ՍՊԸ-ների դեպքում է գործում: Դրանց թվում էլեկտրոնային եղանակով գործարքները 150-ից ավելին են: Բայց մենք պետք է ոչ թե այս ցուցանիշը դիտարկենք ընդհանուր թվում, այլ տեսնենք թե սկզբում որքան է եղել, տարիներ անց՝ որքան: Ասեմ, որ դինամիկա կա, սակայն դեռ աշխատելու տեղ կա: Ես սկզբում պատահական չասացի, որ մենք էլեկտրոնային ամբողջական համակարգին անցնելու ենք փուլ առ փուլ: Թեև առկա է էլեկտրոնային գրանցման համակարգը, սակայն քաղաքացիները դեռ գերադասում են անձամբ ներկայանալ, տեղում անձամբ կարգավորել իրենց հարցերը: Դրա համար օրենսդրական փոփոխություններից բացի, փորձելու ենք աշխատել մեր շահառուների հետ: Ի դեպ, այստեղ մի խնդիր էլ, կա ոչ բոլորն ունեն էլեկտրոնային ստորագրություն:

-Խոսենք քաղաքացիներին սպասարկելու ոլորտից: Այստեղ ի՞նչ փոփոխություններ եք իրականացրել:

-Քաղաքացիներին սպասարկելու ոլորտում ևս արվել են փոփոխություններ, որոնք ուղղված են քաշքշուկներից զերծ մնալուն: Այսօր եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերում առկա են զուտ տեխնիկական խնդիրներ, ապա այդ մասով մերժումները բացառվել են: Բացի այդ, հնարավորություն ենք տալիս քաղաքացուն փաստաթուղթը ստանալու պահին կատարել տեխնիկան սխալների ուղղումներ:

Քաղաքացիների ձայնը մեզ համար լսելի է: Մենք ստանում ենք և՛ շնորհակալություններ, լինում է և՛ խնդրի բարձրաձայնում, և՛ առաջարկություն: Դրանք վերաբերում են տարբեր հարցերի, օրինակ, սպասարկման սրահում նստարանների քիչ լինելուն, կան դեպքեր, երբ քաղաքացիները դժգոհել են մեր աշխատակիցներից, ներկայացրել են իրավիճակի հետ կապված իրենց պատկերացումները: Փորձել ենք խնդիրը հասկանալ և աջակցել: Գործակալության ղեկավարությունն ամենօրյա, ամենժամյա քաղաքացիների ընդունելություն ունի: Եթե խնդիր կա, ապա միանշանակ լսում ենք: Ի դեպ, քաղաքացիների սպասարկումը բարելավելու համար մենք անցանք առանց ընդմիջման աշխատանքային ռեժիմի:

Այս ամենից բացի, նշեմ, որ մասնավոր հատվածի հետ ենք աշխատում, որ քաղաքացիները նաև նրանց միջոցով մեր ծառայություններից կարողանան օգտվել, հարցերը կարգավորել: Կառավարության նախաձեռնության համաձայն, պետական ծառայության որոշ գործառույթներ պատվիրակվեցին մասնավոր հատվածին, մենք էլ քայլ առաջ գնացինք և այդ շարքում ներառեցինք նաև փաստաբանական գրասենյակներին: Տվյալ դեպքում միտքը հետևյալում է, որ եթե քաղաքացին դիմում է Պետական ռեգիստրի գործառույթների հետ կապված փաստաբանական օգնության, ապա իր խնդիրները լուծի մեկ վայրում և կարիք չունենա գալ Պետական ռեգիստր: Իրեն անհրաժեշտ գործողություններն անել փաստաբանական գրասենյակների միջոցով, ովքեր ունեն պետական ռեգիստրի հետ պայմանագիր: Մենք կվերապատրաստենք փաստաբանական գրասենյակների աշխատակիցներին, որպեսզի որակյալ ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:

- Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ ռեգիստրի աշխատակիցները ոչ պատշաճ են իրենց պարտականությունները կատարել:

-Նման դեպքեր նախորդ տարի ունեցել ենք, մի քանի աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ստացել են նկատողություն: Եթե ուզում ենք ունենալ բավարարված քաղաքացի, ապա պետք է ունենանք գործիքներ դրան հասնելու: Իհարկե, դա չենք դարձրել մեր աշխատակիցներին վախեցնելու միջոց, սակայն համապատասխան իրավական հիմքեր լինելու դեպքում կիրառում ենք նաև այդ պատասխանատվության միջոցները: Մեզ համար քաղաքացիների սպասարկումն առաջնային է:

-Այս տարվա ընթացքում ի՞նչ աշխատանքներ են սպասվում: Արդյո՞ք նոր գործիքներ նախատեսված են քաղաքացիների համար:

-2018 թվականին՝ ավելի կոնկրետ մինչև ապրիլ, կգործարկենք նմուշային ձևերով ՓԲԸ-ների գրանցումը, որը հնարավորություն է տալիս տեղում գրանցել փակ բաժնետիրական ընկերություն: 15 րոպեի ընթացքում քաղաքացին կարող է առցանց կամ մեր սպասարկման կենտրոն այցելելով գրանցել ՓԲԸ-ն: Սա կարճաժամկետ հատվածում մեր անելիքներին, ինչ վերաբերում է երկարաժամկետ կտրվածքով, ապա խնդիր ունենք նշածս օրենսդրական փոփոխություններից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման հարցում, դա բավական ծավալուն է: Զուգահեռ աշխատում ենք այդ ուղղությամբ ևս:

Իրավաբանական անձանց մատուցվող ծառայություններին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ:

Աննա Գզիրյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում