Արամ Սարգսյանը դատական համակարգը համարում է չկայացած երկու պատճառով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կարծում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների կենսագրությունը կզարդարեր ցանկացած մարդու կենսագրություն և միևնույն ժամանակ զարմանք հայտնում, որ, ունենալով նման լուրջ մասնագետներ և իրավաբաններ, Հայաստանը դեռևս չունի կայացած դատական համակարգ: Արամ Սարգսյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ընթացքում: «Այստեղ հարց է առաջանում, թե ո՞րն է պատճառը, որ, ունենալով նման լուրջ մասնագետներ, ովքեր նաև լուրջ պաշտոններ են զբաղեցրել, ունեն բավականին մեծ փորձառություն, ունենք չկայացած և հանրության վստահությունը չվայելող դատական համակարգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ դրա համար երկու պատճառ կարելի է նշել: Առաջին պատճառն այն է, որ Հայաստանում իրավական համակարգն անկախ չէ: «Այսինքն, մեր դատավորները պատրաստված են, գիտեն օրենքը, սակայն օրենքով չեն առաջնորդվում, քանի որ վերևներից հրահանգում են: Սա մեկ պատճառ, և կարծում եմ, որ պիտի անկեղծ ասվի, թե ովքեր են վերևից հրահանգողները, եթե մենք ցանկանում ենք ունենալ արդար դատական համակարգ»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ կա նաև երկրորդ պատճառը, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է, մասնագետները մասնագետ են, սակայն մասնագետ են միայն գիտության մեջ, իսկ դատարանում նրանք մասնագետ չեն և չեն կարողանում արդար դատավճիռներ կայացնել: «Ես կարծում եմ, որ այս երկու հանգամանքների մեջ է մեր դատական համակարգի հիվանդ լինելու և այդ հիվանդությունը բուժելու միակ հնարավորությունը: Կընդունե՞ն, որ կա այս հիվանդությունը, կփորձե՞նք բուժել այն, մեր հետագա սերունդները կունենան արդար դատական համակարգ, որին կվստահի նաև բիզնեսը»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

Դիմելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներին՝ Արամ Սարգսյանը հույս հայտնեց, որ նրանք կկարողանան կյանքի կոչել այն նկրտումները և մտադրությունները, որոնցով ստանձնելու են այդ կարևոր առաքելությունը՝ հավելելով, որ կարևոր է, որպեսզի այդ նկրտումներն ու մտադրություններն արդար լինեն:

Հայերեն