Մշակույթ

Հայ և օտարազգի լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվեցին մեկ հարթակում

3 րոպեի ընթերցում

Հայ և օտարազգի լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվեցին մեկ հարթակում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Photopodium.com կայքը, որը մեկ հարթակում է համախմբել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող հետաքրքիր լուսանկարիչների, տոնում է հիմնադրման տասը տարին: Երևանում կազմակերպված կայքի հոբելյանական ցուցահանդեսին ներկայացվեց ութսուն աշխատանք աշխարհի յոթ երկրից: Լուսանկարներում վառ արտահայտված է մեզ շրջապատող գեղեցիկ, զարմանալի իրականությունը հեղինակների ընկալմամբ: Լուսանկարչական ժանրերի բազմազանությամբ արտացոլված է մոլորակի տարբեր անկյունների գունագեղությունն ու յուրօրինակությունը:

«Photopodium.com - Մենք 10 տարեկան ենք» ցուցահանդեսը բացվեց փետրվարի 22-ին Թեքեյան կենտրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Photopodium.com-ի ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում են հեղինակներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից:Հայաստանի մասնակիցների կազմում են Էդգար Մարտիրոսյանը, Հակոբ Բերբերյանը, Սամվել Սևադան, Վահան Քոչարը, Վիգեն Մնոյանը և այլք:

«Այս ցուցահանդեսը սկզբում ներկայացվել է Մոսկվայում, որտեղ 150 և ավելի նկարներ են ցուցադրվել, այնուհետև` Թբիլիսում, այժմ` Երևանում: Շեշտեմ, որ կայքը լուսանկարիչների հաղորդակցման, փորձի փոխանակման հրաշալի հարթակ է: Ծանոթանալով լուսանկարիչներից շատերի հետ` կապ ենք հաստատել նաև առօրյայում: Այդպես եմ ծանոթացել Ռուբեն Չախմախչյանի հետ»,-նշեց Ենգոյանը:

Լուսանկարիչ Ռուբեն Չախմախչյանը ներկայացրել էր «Գյումրիում» խորագրով նկարը: Նա ասաց, որ փոքր էքսկուրսիա կատարելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` հրապուրվել է լուսանկարում արտացոլված կոմպոզիցիայով և անմահացրել այն: Անդրադառնալով կայքին` լուսանկարիչն ընդգծեց, որ ութ տարի գրանցված է այնտեղ: «Կայքը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող լուսանկարիչներին համախմբել է մի տեղում, և միմյանց գործերին ծանոթանալու, ճանաչելու հնարավորություն է տալիս: Կարծում եմ` այն նպաստում է լուսանկարչական արվեստի զարգացմանը»,-շեշտեց Չախմախչյանը:

Photopodium.com ռուսական լուսանկարչական կայքը հիմնադրել է Վիկտոր Դանիլովը: Այն այլ լուսանկարչական կայքերից տարբերվում է նրանով, որ ցուցահանդեսներ է կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում: Կայքի միջոցով իրականացվում են անհատական թեմատիկ և այլ ցուցահանդեսներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում