Մշակույթ

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունում կհանձնվի 25 մրցանակ

4 րոպեի ընթերցում

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունում կհանձնվի 25 մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը կարող է խթան դառնալ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչների, անհատ կատարողների, երաժշտական տարբեր ուղղություններով ստեղծագործող երաժիշտների զարգացման համար:

Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Սա երկրորդ «Ծիծեռնակ»-ն է, որը պետք ի մի բերի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորական արվեստի լավագույն նմուշները, փաստի, թե ովքեր, ինչ գործեր են ստեղծել տարվա ընթացքում: Այն կարժևորի արժանին, որի կարիքը ունի մեր հասարակությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

«Ծիծեռնակ-2018»-ի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով` փառատոնի կազմակերպական խումբը ձգտում է անել ամեն հնարավորը, որ յուրաքանչյուր երաժիշտ որևէ գործ գրելիս մտածի այն փառատոնին ներկայացնելու մասին: Նա շեշտեց, որ «Ծիծեռնակ»-ը կլինի տարվա սպասված մշակութային իրադարձությունը՝ հարուստ գեղեցիկ ու նոր շոու ծրագրով, կարմիր գորգով, որով կքայլեն ոլորտի սիրված ներկայացուցիչները:

Փառատոնին կլինի 25 մրցանակ, նախատեսվում են նաև հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն երաժշտարվեստի հայտնի ներկայացուցիչների: «Ծիծեռնակ» մրցանակի հեղինակը դիզայներ Նուռն է:

Մրցանակաբաշխության երաժշտական պրոդյուսեր Հայկոն (Հայկ Հակոբյանը) նշեց, որ լավագույններին ընտրելիս հաշվի են առնում հանրության, բարձրակարգ մասնագետների կարծիքը:

Ռեժիսոր Արթուր Մանուկյանը կարծում է, որ փառատոնը տարիների ընթացքում կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը: Կազմակերպիչները ցանկանում են, որ այն չլինի երևանյան փառատոն, այլ տոն, որում կարող են ներգրավվել երաժիշտներ Հայաստանի մարզերից, Արցախից և Սփյուռքից:

Մրցանակաբաշխությունը կիրականացվի դասական ժանրում լավագույն երաժշտախումբ, դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), դասական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ, ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք),ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ անվանակարգերում:

Մասսայական (POP) ժանրում մրցանակը կհանձնվի լավագույն երգիչ, երգչուհի,լավագույն ռոք խումբ, լավագույն ջազ խումբ կամ կատարող, լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, տարվա հիթ, տարվա հայտնություն, լավագույն տեսահոլովակ (բոլոր ժանրերի համար) անվանակարգերում:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2017 թվականի ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):

Արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում